ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Նա նշել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։

Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։

«Սա ներառում է նաև տեղափոխվող մարդկանց մասին տեղեկությունների փոխանցում։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չէր և նույն կերպ է կատարվել։ Գործողություններ իրականացնելիս այս հանգամանքը միշտ պահպանել ենք, որպեսզի հստակ տվյալներ ներկայացնելով` կարողանանք վստահ լինել, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Մինչ օրս նման նախադեպ չենք ունեցել»,– նշեց Ամատունին։

Նա նաև շեշտեց, որ ցանկացած խնդրի դեպքում կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով համապատասխան իշխանությունների հետ իրենք մշտապես կապի մեջ են։ ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշեց, որ իրենք չեն կարող տվյալ պահին ավելի մանրամասն խոսել, թե ինչպես և ինչ է տեղի ունենում։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։

Տեսանյութեր

Լրահոս