
«Ադրբեջանն ունի իր ձևակերպումը, որ Հայաստանի հետ ունի համաձայնություն, վերջ». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ մանրամասն տեղեկություններ չունի այսօր Հակարիի կամրջի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված բուժառու 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի մասին, սակայն պատահական չի համարում, որ այդ տարիքի տղամարդու են առևանգել, քանի որ հետո կարող են հայտարարել, որ նա մասնակցել է արցախյան շարժմանը։
«Խիստ կասկածում եմ, որ մեր քաղաքացուն հետ բերելու հնարավորություններ կան այս պահին՝ ուղղակի լավ իմանալով ադրբեջանցիների գործելաոճը, այսինքն՝ գործը նույնիսկ օրենքերից խոսելուն չի հասնի։ Առհասարակ ինչ տեղի է ունենում Արցախում, պետք չէ յուրաքանչյուր անգամ նոր մեկնաբանություն փնտրել, քանի որ մեկնաբանությունը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնել է թշնամուն, նա ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, ավելի լայն հնարավորություններ է տվել, որպեսզի Ադրբեջանը ձեռքերն ազատի։ Ցանկացած միջազգային կոչ, հորդոր, պահանջ հիմա Ադրբեջանի համար առոչինչ է, քանի որ Ադրբեջանն ունի իր ձևակերպումը, որ Հայաստանի հետ ունի համաձայնություն, վերջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը:
ԱԺ պատգամավորը նշելով այն փաստը, որ Ադրբեջանն արնախում է, միևնույն ժամանակ Արցախի քաղաքացու առևանգման ուղղակի և առաջին մեղավոր համարեց Նիկոլ Փաշինյանին, քանի որ հենց նա է գործելու լայն հնարավոություններ տվել Ադրբեջանին։
«Ադրբեջանը բազմիցս ասել է, որ այստեղ ցանկացած գգործողություն իրականացնում են իրենց գործառույթների շրջանակներում։ Իրենց դերակատարումը պետք է ունենան ՀՀ իշխանությունները։ Նստել ու սպասել, որ Կարմիր խաչը պետք է կարգավորի կամ ռուս խաղաղապահները, ուղղակի կեղծ լավատեսության գիրկն ենք ընկնելու, որտեղ մարդկային կյանքը միանշանակ վտանգվելու է»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։
Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը»: