Դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման մանրամասները
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը քաղաքավարական այց է կատարել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող անօրինական արգելափակման մանրամասները:
Դեսպանությունից տեղեկացնում են՝ շնորհավորելով տիկին Օդոբեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս է հայտնել, որ տիկին նախարարն իր հարուստ մասնագիտական փորձն ու կարողությունները լավագույնս կծառայեցնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Կողմերն երկուստեք ընդգծել են, որ հարուստ պատմական հիմք ունեցող հայ-ռումինական հարաբերություններում վերջերս արձանագրված դրական դինամիկան հնարավորություն է ընձեռում համալրելու երկկողմ օրակարգը՝ բարձրացնելով այն որակական նոր մակարդակի:
Դեսպան Մինասյանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող անօրինական արգելափակման մանրամասները, ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ինչպես նաև վերջին զարգացումները։ Դեսպանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնց համաձայն այդ երկիրը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:
Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ համագործակցության հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համապարփակ գործակցության շրջանակներում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանը նպաստող գործոն։