Նիգերում հեղաշրջումից հետո գեներալը հռչակվել է երկրի ղեկավար
Գեներալ Աբդուռահման Չիանին հռչակվել է Նիգերի ղեկավար այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մոհամեդ Բազումի պահակախմբի անդամները ձերբակալեցին նրան և հայտարարեցին հեղաշրջման մասին։ Ինչպես տեղեկանում ենք France 24-ից, Չիանին նախագահական պահակախմբի ղեկավարն էր։
Իրեն «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի նախագահ» հռչակելուց հետո գեներալը հայտարարել է, որ զինվորները գրավել են իշխանությունը երկրում անվտանգային իրավիճակի վատթարացման պատճառով։
Հուլիսի 28-ին ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեղաշրջումը որակել էր «լիովին անօրինական և շատ վտանգավոր» ոչ միայն Նիգերի, այլև ողջ տարածաշրջանի համար։
Միջազգային հանրությունը Մոհամեդ Բազումին համարում է Արևմտյան երկրների դաշնակիցը տարածաշրջանում իսլամիստ զինյալների դեմ պայքարում։
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ հուլիսի 26-ից Մոհամեդ Բազումը պահվում էր նախագահական պալատում։