«Շրջափակումը դժվար է, բայց դիմակայում ենք». Մոխրաթաղի գյուղապետ
Արցախի Հանրապետությունը գրեթե ութ ամիս գտնվելով ադրբեջանական շրջափակման մեջ` փորձում է բոլոր ճիգերը գործադրել՝ փրկելով 120 հազար խաղաղ բնակիչների։ Արցախի Հանրապետության գրեթե բոլոր գյուղերում կազմակերպված պայքարում են՝ սեփական հողում խաղաղ ապրելու համար։
168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի ղեկավար Նորայր Ամիրյանն ասաց, որ ամբողջ Արցախն է այսօր պայքարում ադրբեջանական շրջափակման դեմ, Մոխրաթաղը ևս բացառություն չէ։ Իսկ պայքարելու ձևը մոխրաթաղցիների համար մեկն է՝ հաղթահարել դժվարությունները և ամուր կառչել հայրենի հողին։
«Իհարկե, շրջափակումը դժվար է, բայց մենք դիմակայում ենք, այսպես ասեմ՝ դեռ դիմակայում ենք։
Փառք Աստծո, գյուղում անհետաձգելի բուժում ստանալու անհրաժեշտություն ունեցող բնակիչներ այս պահին չկան, չունենք նաև հղի կանայք, թեպետ, եթե նման անձինք լինեին էլ, մեկ է՝ ամեն ինչ կանեինք, որպեսզի նրանց հասցնեինք Ստեփանակերտ, անհնարինը կանեինք»,- նշեց գյուղապետը։
Ըստ Մոխրաթաղի գյուղապետի, քննադատությունները, թե արցախցին հող չի մշակում՝ անհիմն է, քանի որ անմշակ հող չկա, այլ բան է, որ կարկուտը կարող է վնաս հասցնել, ու բնակիչն իր մշակած հողից չկարողանա բերք ստանալ։
«Բոլորն էլ իրենց հողերը մշակում են, ուղղակի այս տարի աննախադեպ էր, քանի որ կարկուտը փչացրեց բերքը, չորս անգամ սածիլ դրեցին, չորս անգամ էլ կարկուտը եկավ ու ամեն ինչ տարավ։
Կոնկրետ մեր գյուղից պատերազմի ժամանակ մշակովի տարածքներ չեն անցել թշնամու հսկողության տակ, բայց շատ են նման գյուղեր, որ հողերի մի մասը թշնամու հսկողության տակ է։
Հըլա որ կարողանում ենք ամեն ինչին դիմակայենք ու խնդիրներ լուծենք»,- եզրափակեց Նորայր Ամիրյանը։