Բաժիններ՝

Նիգերում զինվորականները հայտարարել են հեղաշրջման և երկրի սահմանները փակելու մասին

ֆրիկայի արևմուտքում գտնվող Նիգերի զինվորականները պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել են հեղաշրջման, բոլոր հաստատությունների աշխատանքի դադարեցման և երկրի սահմանները փակելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի հրապարակումից։

Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումը, ըստ տարբեր հրապարակումների, հուլիսի 26-ի առավոտից պահվում է նախագահական պալատում։ Բազումին աջակցություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Ըստ BBC-ի՝ Մոհամեդ Բազումը Արևմտյան երկրների դաշնակիցն է իսլամիստ զինյալների դեմ պայքարում։

Զինվորականները հեռուստատեսությամբ հայտարարել են, որ հեղաշրջում են իրականացնում «երկրում շարունակաբար վատթարացող անվտանգային իրավիճակի, տնտեսական և սոցիալական վատ կառավարման պատճառով»։

«Արտաքին բոլոր գործընկերներին խնդրում ենք չմիջամտել։ Ցամաքային և օդային սահմանները փակ կմնան, մինչև իրավիճակը չկայունանա», – հայտարարել են նրանք։

Հուլիսի 26-ին Նիգերի մայրաքաղաք Նիամեյում մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելով երկրի նախագահին։ Ըստ BBC-ի թղթակցի՝ ցուցարարներին ցրելու համար հեղաշրջում կատարող զինվորականները մի քանի գնդակ են արձակել։

Նիգերի երկու հարևան երկրներում՝ Մալիում և Բուրկինա Ֆասոյում նույնպես վերջին տարիներին հեղաշրջումներ են կատարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս