Սպիտակ տունը մեկնաբանել է Բայդենի նկատմամբ իմփիչմենթի հնարավոր հետաքննությունը
ԱՄՆ նախագահի և նրա թիմի վարած քաղաքականությունը չի փոխվի այն պատճառով, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին, հնարավոր է, իմփիչմենթի հետաքննություն սկսի Ջո Բայդենի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
Պաշտոնյան հրաժարվել է «հիպոթետիկ դատողություններ անել» և խոսել այն մասին, թե «ինչ կարող են անել կամ չանել Ներկայացուցիչների պալատի հանրապետականները»:
«Ես կարող եմ խոսել այն մասին, թե ինչն է գտնվում նախագահի ուշադրության կենտրոնում։ Նա կենտրոնացած է իրական առաջնահերթությունների վրա, որոնք մտահոգում են ամերիկյան ընտանիքներին: Նրա ուշադրության կենտրոնում են գտնվում ամերիկյան ընտանիքները, իսկ նրանք (խմբ․՝ հանրապետականները) կենտրոնացած են նրա ընտանիքի վրա։ Նրանք կարող են անել այն, ինչ ցանկանում են, բայց մենք կմնանք կենտրոնացած, կմնանք անդրդվելի», – ասել է նա ճեպազրույցի ընթացքում։
Ավելի վաղ Մաքքարթին հայտարարել էր, թե կոռուպցիոն սխեմաներում Բայդենի և նրա ընտանիքի ներքաշվածության մասին ճշմարտությունը հնարավոր է իմանալ միայն ԱՄՆ օրենսդիր մարմնում իմփիչմենթի հետաքննություն սկսելով։ Կոնգրեսականի խոսքով՝ դա Կոնգրեսին հնարավորություն կընձեռի լիարժեք հասանելիություն ունենալ այն տեղեկատվությանը, որն անհրաժեշտ է Բայդենի նկատմամբ հետաքննություն անցկացնելու համար։
Մայիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հսկողության և հաշվետվության հանձնաժողովի հանրապետական անդամները հայտարարել էին, որ ստացել են ապացույցներ, թե Բայդենների ընտանիքի անդամները և նրանց հետ կապված անձինք նախկինում, ենթադրաբար, միլիոնավոր դոլարներ են ստացել արտասահմանից ընկերությունների ցանցի միջոցով: