
«Freedom House»-ը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերջ տալու անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս հումանիտար իրավիճակին:
Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է.
«Կոչ ենք անում Ադրբեջանին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունը։
Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է կյանք փրկող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հորդորելով վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը»: