Տարածաշրջանում արժանահավատ և տևական կայունությունը պատրանքային է, եթե ենթադրվում է, որ դրան կարելի է հասնել Արցախի ժողովրդի հաշվին. Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող իրավիճակին:

Հոդվածն ամբողջությամբ ստորև՝

«Ոչ իրազեկ տեղեկատվական սպառողի համար Ադրբեջանի իրավասության ներքո Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխիքները կարող են միանգամայն նորմալ հնչել։

Լիակատար շրջափակման յոթերորդ ամսվա և Արցախում վատթարացող մարդասիրական ճգնաժամի լույսի ներքո Ադրբեջանի տարածքով Ակնայի /Աղդամի/ ճանապարհն օգտագործելու առաջարկը կարող է հավասարապես դիտարկվել որպես տառապանքը մեղմելու արդար միջոց: Դա ոչ իրազեկ տեղեկատվական սպառողի համար է։ Դժվար թե կարելի է ենթադրել, որ Եվրամիության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյաներն այդպիսին են: Կարելի է նաև ենթադրել, որ այս դասակարգում` տեղեկացված պաշտոնյաների շարքերում գերակշռում է տարածաշրջանում ցանկացած գնով կայունության հասնելու հաշվարկը: Նման հաշվարկը սխալ է։ Տարածաշրջանում արժանահավատ և տևական կայունությունը պատրանքային է, եթե ենթադրվում է, որ դրան կարելի է հասնել տարածաշրջանային շահառուներից մեկի՝ Արցախի ժողովրդի հաշվին։ Արցախի ծանր վիճակը հասցեագրելու գործում քաղաքական, բարոյական և իրավական ակնհայտ իրողությունների անտեսումը հավասարազոր է բազմապատիկ հետևանքներ ունեցող հետագա անկայունության սերմանմանը։

Ադրբեջանն ի սկզբանե բավականին հստակ բարձրաձայնել է իր իրավասության ներքո հայերի ճակատագրի վերաբերյալ իր տեսակետների և մտադրությունների մասին՝ թե՛ խոսքով, թե՛ գործով: Ընդհանուր առմամբ, հայերի և մասնավորապես, արցախահայության դեմ ինստիտուցիոնալացված էթնիկ ատելությունը վաղուց արդեն վերածվել է գործիքի Բաքվի տոհմական բռնապետության ձեռքում։ Որպես «հարմար թշնամիներ»՝ հայերը հանդիսանում են ռեժիմի գոյատևմանը սպառնացող ներքին խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու օգտակար միջոց՝ այդպիսով արդարացնելով ներքաղաքական բռնաճնշումները և Ադրբեջանում արմատացած բռնապետական ավանդույթի չարաշահումները:

Ոգեշնչված 2020 թվականի հաղթանակով՝ Բաքուն համառորեն հերքում է Արցախի իրողությունը՝ որպես քաղաքական սուբյեկտի՝ ինքնակառավարման և սեփական բնակչության ժողովրդավարական ներկայացուցչության իրականացման կարողությամբ։ Նրանք փորձում են աշխարհին համոզել, որ պատմական, քաղաքական, իրավական առումով Արցախ (Լեռնային Ղարաբաղ) գոյություն չունի։ Նրանք արցախահայությանը «խրախուսում են» օգտվել իրենց բնակավայրերը լքելու միակողմանի տոմսից։ Նրանք հայտարարում են Արցախն էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագրերի մասին այնպիսի քանակներով, որոնց արդյունքում վերջիններիս թիվը զգալիորեն գերազանցելու է ներկայիս 120.000 հայ բնակչության թիվը։

Իրենց տեսակետն առավել հնչեղ դարձնելու համար վերջին երկուսուկես տարվա ընթացքում նրանք բացահայտորեն մարտահրավեր են նետում Ռուսաստանի վատ, թերի գործողություններին տեղում որպես մի կողմի, որը ստանձնել է Արցախի հայերի անվտանգության անմիջական պատասխանատվությունը: Նրանք հետևողականորեն ուժ են կիրառում Արցախի դեմ և խաթարում այնտեղ կյանքի բնականոն ընթացքը։

Անցած յոթ ամիսների ընթացքում այս քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Արցախի ամբողջական շրջափակմամբ և դրան հաջորդած մարդասիրական աղետով։ Բառացիորեն։ Ուժի և հարկադրանքի կիրառումը զուգորդված է վերաինտեգրման կամ տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ դեմագոգիայով: Արցախում մարդասիրական օգնության համար Աղդամի երթուղու կիրառման առաջարկը հավասարազոր է խոշտանգողի կողմից խոշտանգումներին զուգահեռ զոհին մի բաժակ ջուր առաջարկելուն: Դա բարոյապես նվաստացնում և նսեմացնում է մարդկային արժանապատվությունը, առավել ևս հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին:

Պարտադիր չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար սեփական ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային ոտնահարման ավանդույթ ունեցող վարչակարգի կողմից նման գործողությունների հետևանքներն Արցախի համար: Պարտադիր չէ, սակայն, կարելի է ձևացնել կամ որոշել չնկատել»:

Տեսանյութեր

Լրահոս