ՀՀ քաղաքացիներն ի՞նչ վստահություն ունենան, որ մի օր չեն ունենա ադրբեջանցի հարևաններ. հարց Փաշինյանին

Infocom.am-ի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:

– Նշեցիք, որ Ադրբեջանն ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ է բերել՝ որպես ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման հարցի, այսպես ասած, հայելային օրակարգ: Ասացիք նաև, որ նշել եք՝ դրանք համարժեք չեն, այլ այդ հարցը համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Ադրբեջանի այլ վայրերից տեղահանված հայերի իրավունքների ու անվտանգության թեմային: Բայց ադրբեջանական կողմի հայտարարություններից ու գործողություններից հասկանալի է դառնում, որ իրենց նպատակադրումը այդքան էլ ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցին հակընդդեմ օրակարգ ստեղծելը չէ: Դա իրենց պետական քաղաքականության մասն է, և այդ ռիսկն արդեն առնչվում է ձեր և ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչների կողմից հնչեցվող 29 800 քկմ տարածքին:

Անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանում գործող «Ադրբեջանի փախստականների համայնք» ՀԿ-ն վերակազմավորվել է՝ կոչվելով «Արևմտյան Ադրբեջանի համայնք», որը պետք է զբաղվի տեղահանված էթնիկ ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հարցերով: «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ և Ալիևը, և այդ ՀԿ-ն, որը հովանավորվում է հենց Ադրբեջանի Հանրապետության կողմից, նկատի ունեն 29 800 քկմ տարածքի գյուղերն ու քաղաքները…

Ադրբեջանական պահանջների երկար թվարկումը նյարդայնացրեց Փաշինյանին, ով նկատեց՝ ոչ մի ադրբեջանցի լրագրող Հայաստանի վարչապետի խոսքն այդքան երկար չի մեջբերի:

– Ես վստահ էի, որ դուք հիմա ասելու եք, որ ես ադրբեջանական նարատիվներ եմ հնչեցնում, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ նարատիվները, որոնք խոսույթի մակարդակում են եղել, ինչ-որ պահի դարձել են բանակցային օրակարգի մաս կամ փոխել են բանակցային օրակարգը: Մենք արդեն տեսնում ենք, որ Բրյուսելում արդեն այդ հարցը բարձրացվել է:

Հիմա՝ հարցս:

Ի՞նչ դիրքորոշում ունեք դուք այս քաղաքականության վերաբերյալ, և այս պայմաններում, երբ տեսնում ենք, որ Հայաստանը պարբերաբար բանակցություններում հետ է քաշվում իր սահմանած կարմիր գծերից, զիջում է իր իրավունքները, ՀՀ քաղաքացիները ինչպե՞ս կարող են վստահություն ունենալ, որ մի օր չեն ունենա ադրբեջանցի հարևաններ, որոնց իրավունքները կպաշտպանեն իրենց կողմից ընտրված միջազգային դիտորդներ, և իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն ստացած Ադրբեջանի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում:

– Դուք այդքան հայտարարություններ արեցիք, բայց չասացիք, որ Ադրբեջանից հայ փախստականների կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, ԼՂ-ի և հարակից շրջանների փախստականները հանդես են եկել իրենց հայտարարությամբ: Եթե մեր լրատվամիջոցներն ավելի շատ Ադրբեջանի նարատիվն են տարածում, քան ՀՀ կառավարության, ի՞նչ վստահություն կարող են ունենալ:

Մեծ վստահություն կարող ենք ունենալ, որովհետև ՀՀ կառավարությունը այդ նարատիվը և այդ քաղաքականությունը համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ես էլի եմ ասում, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիները կամովին հեռացել են, այդ թվում՝ իրենց բնակարանները վաճառելով, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից փոխհատուցումներ ստանալով: Բայց մենք ունենք ուրիշ փաստեր, երբ Սումգայիթում, Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ հայերն այդ ու շատ տեղերից կիսամերկ փախուստի են դիմել, այսինքն՝ ստիպված են եղել իրենց կյանքը փրկել:

Ադրբեջանը շատ նարատիվներ կարող է զարգացնել, բայց մենք դիրքորոշումներ ունենք, և դրանք հիմնավոր են:

Տեսանյութեր

Լրահոս