Արտաշատի թատրոնը հայ-իրանական երկու ներկայացում կհյուրընկալի
Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի և «Թանդիս» իրանական թատերախմբի համագործակցության արդյունքում հուլիսի 29-ին Արտաշատի թատրոնի բեմ կբարձրանան «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրզադի համար» և «Զուգահեռ շրջան» ներկայացումները:
Բեմադրություններում ընդգրկվել են և՛ հայ, և՛ իրանցի դերասաններ:
Հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Արտաշատի թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը կարևորեց երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը, որը հաջողվում է:
«Արդեն մեկ ամիս է՝ մեր դերասաններն աշխատում են իրանական կողմի դերասանների ու բեմադրիչների հետ, ինչի արդյունքում երկու ներկայացում կունենանք: Նախատեսում ենք հետագայում բեմադրություններով հանդես գալ թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում կայանալիք միջազգային փառատոններին»,-շեշտեց նա:
«Թանդիս»-ի տնօրեն Ֆաթիմեհ Աբդոլռահիմին, ներկայացնելով թատերախմբի ստեղծման պատմությունը, հիշեցրեց կորոնավիրուսի համավարակի մասին, որը մեծ վնասներ հասցրեց տարբեր բնագավառներին, այդ թվում՝ մշակույթին:
«Արվեստագետներով որոշեցինք հենց այդ պայմաններում զարկ տալ մշակույթին ու թատրոնին և 2022 թվականին, երբ Իրանում համավարակն իր գագաթնակետին էր հասել, ստեղծեցինք թատերախումբը, որը ճանաչում ձեռք բերեց Իրանում և հաջողություններ գրանցեց»,-ասաց Աբդոլռահիմին:
Մինչ օրս «Թանդիս»-ը 22 ներկայացում է խաղացել: Երկու բեմադրությամբ հանդես են եկել արտերկրում: Թատերախմբի նպատակներից է ոչ միայն պրոֆեսիոնալներին, այլև երիտասարդ սերնդին հարթակ տրամադրել՝ ստեղծելով սեփական դպրոցը:
Ներկայացումներից 17-ի բամեդրիչը «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրզադի համար» պիեսի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերասան Համեդ Շեյխն է:
Նրա խոսքով՝ որոշել է բեմադրել հենց այդ պիեսը, քանի որ այն անմիջական կապ ունի ինչպես իրանցիների, այնպես էլ հայերի հետ: «Խոսրովն Իրանի արքան է և սիրահարվում է հայ արքայադուստր Շիրինին՝տեսնելով նրա նկարը: Սա հայ-իրանական պատմություն է՝ գեղարվեստական լուծումներով, որովհետև իրական պատմությունը շատ է տարբերվում գրական ստեղծագործությունից»,-պատմեց ռեժիսորը:
Իսկ «Զուգահեռ շրջան» պիեսի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դերասան Մոջթաբա Ջաֆարիփուրին հավաստիացրեց՝ երկու պատմություններն իրարից շատ են տարբերվում: Նրա խոսքով՝ «Զուգահեռ շրջան»-ը այն մասին է, որ աշխարհը, որում մենք ապրում ենք, լի է անարդարությամբ, պատերազմներով, և բոլորս բախվում ենք այդ խնդիրներին ու ձգտում մեկ այլ աշխարհ ստեղծել, որն ավելի լավը կլինի: «Այդ մտորումներին, մարդու տառապանքներին է անդրադառնում պիեսը, և մենք փորձելու ենք հանդիսատեսին մասնակից դարձնել դրան և հույս արթնացնել, որ, վերացնելով չարը, կկարողանանք ավելի լավ մարդկանցով ու արդար աշխարհ ստեղծել»,-շեշտեց Ջաֆարիփուրին:
Համագործակցության պրոդյուսեր և ՀՀ-ում «Թանդիս» խմբի ներկայացուցիչ Արմինա Սարգսյանն էլ շեշտեց՝ որոշել են աշխատել Արտաշատի թատրոնի հետ, քանի որ ցանկանում են ապակենտրոնացնել համագործակցությունն ու մշակութային իրադարձությունները, հաշվի են առել նաև այն հանգամանքը, որ առաջին թատերական ներկայացումը բեմադրվել է Արտաշատում:
Մամուլի ասուլիսի վերջում կողմերը համագործակցության հուշագրեր ստորագրեցին՝ ընդգծելով, որ ներկայացումների մուտքն ազատ է: