Ամռանն աղիքային վարակներից խուսափելու համար պետք է հետևել հիգիենային և չզբաղվել ինքնաբուժությամբ

Ամառվա սեզոնին՝ հատկապես հանգստի մեկնելիս, պետք է լինել շատ պատրաստված և զգուշավոր. հետևել սննդակարգին, հիգիենիային՝ հաճախ լվանալ ձեռքերը, օգտագործել լվացած միրգ, բանջարեղեն և իհարկե՝ չզբաղվել ինքնաբուժությամբ: Ամռանն ինֆեկցիոնիստներին հաճախ են դիմում աղիքային վարակների պատճառով, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ, ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ։

Ինչո՞վ է պայմանավորված սա, նպաստող ի՞նչ գործոններ կան վարակի տարածման, թիրախում ո՞ր տարիքային խումբն է. այս և շատ այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ-վարակաբան Ալվարդ Հովհաննիսյանը:

Մասնագետը նշեց, որ աղիքային ինֆեկցիաներն ունեն սեզոնային բնույթ և հիմնականում պայմանավորված է շոգ եղանակի հետ, քանի որ եղանակային պայմաններից ելնելով՝ սնունդը ավելի դժվար է պահպանել: Սննդի մեջ ավելի հեշտությամբ են բակտերիաներն ու վիրուսները բազմանում, որով պայմանավորված աղիքային վարակների դեպքերն ավելանում են:

«Հիմնական թիրախում գտնվում են երեխաները, որովհետև նրանք ավելի դժվարությամբ են հիգիենան պահում և ձեռքերը հաճախ չեն լվանում, սակայն մեծահասակների մոտ նույնպես կարող են դիտվել այդպիսի ախտանիշներ: Մարդկանց մեջ շատ տարածված է, որ աղիքային վարակները կապված են կոնկրետ մրգի կամ բանջարեղենի հետ, օրինակ՝ շատ շրջանառվում է ծիրան, ձմերուկ, բայց ավելի շատ դա պայմանավորված է, թե ինչ բակտերիաներ են այդ մրգերի և բանջարեղենի վրա, այսինքն, եթե միրգը լավ լվանանք, որպեսզի զերծ մնան բակտերիաներից և վիրուսներից, նրանք կդառնան անվտանգ»,- ասաց բժիշկ-վարակաբանը:

Մասնագետը նշեց, որ որոշ սննդամթերք ցանկալի չէ միասին օգտագործել, քանի որ առաջացնում է ծանրաբեռնվածություն ստամոքս-աղիքային համակարգի վրա, ինչով պայմանավորված՝ մարսողությունը վատանում է: Օրգանիզմը չի հասցնում մարսել զուգահեռ ընդունած մի քանի մթերք, որով և պայմանավորված կարող է առաջանալ կարճատև սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն:

Հաշվի առնելով ճամփորդական սեզոնը՝ մասնագետն անդրադարձավ խնդիրներին, որոնց բախվում են մեր համաքաղաքացիները տարբեր երկրներ այցելելիս կամ վերադարձից հետո: Նա նշեց, որ կա այդպիսի հասկացողություն՝ ճանապարհորդների լուծ (դիարիա), որը հիմնականում պայմանավորված է բնակության վայրի փոփոխությամբ:

«Երբ մենք փոխում ենք մեր բնակության վայրը, ապա նաև ջրի, սննդի միջոցով ընդունում ենք նոր հարուցիչներ, որոնք մեր բնակավայրին բնորոշ չեն և դա առաջացնում է մեր օրգանիզմի համար սթրեսային իրավիճակ: Դրանով պայմանավորված այնպիսի կլինիկական ախտանշաններ են առաջանում, ինչպիսիք են փորլուծությունը, փսխումը և այլն»,- ասաց Ալվարդ Հովհաննիսյանը:

Մասնագետը խորհուրդ տվեց առաջին հերթին հաճախ լվանալ ձեռքերը, որովհետև բոլոր աղիքային ինֆեկցիաները փոխանցվում են բերանային ճանապարհով, քանի որ մենք ընդունում ենք այդ բակտերիաներն ու վիրուսները մեր կեղտոտ ձեռքերի կամ աղտոտված սննդի միջոցով, բանջարեղենը և մրգերը լվանալ շատ մանրակրկիտ, ուտել հնարավորինս առողջ և թարմ սնունդ:

Ի՞նչ չանել՝ ամենակարևորը՝ չզբաղվել ինքնաբուժությամբ, ըստ մասնագետի՝ աղիքային ինֆեկցիան բավականին տարածված խնդիր է, բայց մինչ օրս կան մարդիկ, որոնք ինքնակամ ընդունում են օրինակ՝ հակաբիոտիկներ, որոնք ոչ միայն 90 տոկոս դեպքերում անօգուտ են լինում, այլև կարող են բավականին լուրջ բարդություններ առաջացնել:

Այս սեզոնին նաև ինֆեկցիոնիստներին շատ են դիմում միջատների խայթոցի պատճառով։ Ո՞ր դեպքում են դրանք վտանգավոր, որոնք են առաջին բուժօգնության կանոնները։

Միջատներից բացի հաճախ են լինում նաև թափառող, վայրի, անհայտ կենդանիների կծելու դեպքերը, այս դեպքում որո՞նք են առաջին բուժօգնության կանոնները և արդյո՞ք պետք է պատվաստվել կատաղության դեմ։

Հեպատիտի ո՞ր տեսակներն են այսօր տարածված Հայաստանում։ Որտե՞ղ և ովքե՞ր են վարակվում հեպատիտով, ինչպե՞ս: Ի՞նչ ախտանշաններ են լինում, ի՞նչ է պետք անել:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Տեսանյութեր

Լրահոս