«Արցախ, մի՛ վախեցիր, մենք քո թիկունքին ենք. Արայիկ Հարությունյան, հնչեցրո՛ւ Նիկոլի անունը». Աբրահամ Գասպարյան
«Արցախ, մի՛ վախեցիր, մենք քո թիկունքին ենք. սա կենաց չէ, սա իրական գործողություն է, կանգնիր և ասա համայն հայությանը՝ ինձ խանգարում է Հայաստանում իշխանության ղեկին թառած խունտան՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
«Օր օրի ավելի ենք մոտենում այն եզրագծին, որտեղ մեր և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական, և՛ ռազմական իմունիտետը սպառվում է: Որքան երկարի, և մենք կտրուկ քայլերի չգնանք, մենք հոգնելու ենք, մարդիկ հոգնել են, չեն ուզում, ոչ մեկին չեն հավատում: Արցախում նստացույցի մասնակիցների թիվը գնալով քչանում է: Մարդիկ հասկանում են, այլևս այդ տեխնոլոգիաները չեն գործում: Մարդը սովից մահանում է, բայց ինքը այնքան պնդություն ունի, այսքանով հանդերձ՝ չի հիասթափվում, գնում է՝ Աղդամի ճանապարհը փակում է և ասում է՝ այս փշրանքները ցածր են իմ արժանապատվությունից, ես սովամահ կլինեմ, բայց ձեռքս չեմ մեկնի: Շատ լավ հասկանում են: Լավ, տղերք, պետք է անցնել գործի՞, թե՞ ամեն մեկդ միջազգային մի կենտրոնից ունեք հրահանգ, երբ կոճակը կսեղմեն՝ այդ ժամանակ կակտիվանաք: Ումի՞ց է պահանջում Արցախի իշխանությունը ինչ-որ բան, մուննա՞թ են գալիս մեզ վրա, ի՞նչ է նշանակում՝ հայաստանցիներ, սփյուռքահայեր և այլն, խոսիր պարզ, ասա՝ ես Հայաստանի իշխանության հետ ունեմ խնդիր, որովհետև… Բացատրիր մարդկանց, և նրանք կգնան գործողությունների: Ես այսքան ժամանակ չեմ խոսել, որովհետև շատ զգայուն հարց է Արցախն ինձ համար՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով, բայց Նիկոլ Փաշինյանի նմանակն է այնտեղ, նույն քաղաքականությունն են տանում՝ մարդկանց զբաղեցնել, սա անել, նա անել: Մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, կարողանո՞ւմ ես այդքան առնականություն ունենալ՝ դա ասելու, հայությունը կկանգնի քո թիկունքին»,- շեշտեց նա:
Աբրահամ Գասպարյանը նկատեց՝ գործող իշխանությունը ազգային ամոթի, անարժանապատվության գլխավոր մարմնավորումն է՝ Փաշինյանի և նրա ընտանիքի գլխավորությամբ. «Արայիկ Հարությունյան, Ռուբեն Վարդանյան, Գուրգեն Ներսիսյան, չե՞ք տեսնում այս ամենը, ինչո՞ւ եք հայությանը մեղադրում, ինչո՞ւ եք հայության վրա մուննաթ գալիս, որ մենք անտարբեր ենք. մենք անտարբեր չենք, չենք եղել, մենք մեր ամեն ինչն ենք տվել Արցախի համար և շարունակելու ենք տալ, բայց դուք պարտավոր եք իրերն իրենց անուններով կոչել: Դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք մեր ժողովրդի վրա մուննաթ գալու, որովհետև այս ժողովուրդն իր զավակներին, իր ամեն ինչն է տվել հայ հողի համար և շարունակելու է տալ, եթե տեսնի արժանավոր մարդկանց, որոնք կարողանում են ճիշտ գնահատել պահը, ոչ թե քաղաքական խաղերի մեջ մտնել: Մենք չգիտե՞նք, որ եթե Արցախից այդ անունները տան, կոմպրոմատների դոսյեներ կհանեն, կդնեն դիմացները, ձեր պիղատոսյան ձեռքերը բարձրացրեք և կանգնեք դատաստանի առաջ, պատասխան տվեք ձեր արածների համար, և տալու եք բոլորդ, բայց ժողովրդին չկպնեք ոչ մեկդ: Իր նվիրումով, իր ունեցած-չունեցածը հայրենիքին տալու առումով հայ ժողովուրդն առանձնանում է աշխարհի բոլոր ժողովուրդներից»:
Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ խաղաղության պայմանագրից կամ երաշխիքներից խոսի. «Ասում է՝ ես չեմ շեղվելու իմ օրակարգից. լո՞ւրջ, մենք էլ մեր օրակարգից չենք շեղվելու, մենք չունենք՝ Արցախը հանձնելու, չունենք՝ Հայաստանի ինքնիշխանությունը ոսկե սկուտեղի վրա մատուցելու, գնա՝ գլուխդ պատերով տուր, ինչ ուզում ես՝ հայտարարի: Ձեռքը կտրվի այն մարդու, ով կստորագրի այդ փաստաթուղթը: Հայաստանի, Արցախի տարածքից մի սանտիմետր թղթով հանձնողի ձեռքը կտրվելու է: Դու ո՞վ ես, որ օրակարգ ունենաս, քո օրակարգը պարտադրված է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Անկարա-Երևան-Բաքու բրիտանական հովանավորությամբ ստեղծված հատվածի իմպլեմենտացիոն պատասխանատուն ես դու: Դու ընդամենը խրտվիլակ ես, որը պետք է ստորագրի, այդքանը, դու քեզնից ոչինչ չես ներկայացնում՝ քո իշխանությամբ հանդերձ: Ասում եմ՝ ձեռքը կկտրվի այն մարդու, ով իմ, իմ պապերի, իմ երեխաների հայրենի հողը ոսկե սկուտեղի վրա մատուցում է: Սա ինքը շատ լավ հասկանում է, շատ լավ գիտի, Սահակաշվիլու ճակատագիրն իր աչքի առաջ է»:
Աբրահամ Գասպարյանն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը շարքային մուտիլովչիկ է, և եթե ինչ-որ տեղ ներսում կարողանում է սպառել՝ տարբեր կապիկություններ անելով, ապա, շատ ներողություն, աշխարհի անվտանգային ճարտարապետությունը գծող պետությունների ղեկավարների վրա դա անցկացնելը անմեղսունակություն կլինի, նրանց հետ կատակը շատ վտանգավոր կլինի»:
Նրա դիտարկմամբ՝ համախմբման օրակարգը պետք է լինի բացառապես ՀՀ պետական, իրավական, օրենսդրական հենքը ուժեղացնելով. «Պետք է վայր դնել ամեն ինչ և լծվել մեկ խնդրի. 10 օրում հնարավոր է այս իշխանությանը հեռացնել, անկեղծ եմ ասում»:
Հարցին՝ փողոցո՞վ, նա պատասխանեց. «Նաև փողոցով: Հիմա ժամանակակից տեխնոլոգիաները շատ ավելի լուրջ գործողություններ են կարողանում իրականացնել: Փողոցն էլ է գործիք: Ընդդիմությունը քանի որ միայն այդ գործիքակազմից օգտվեց՝ չկարողացավ հասնել հաջողության, այնինչ դարը հիմա ինֆորմացիոն տեխնոլոգիաներինն է: Ընդդիմությունը պարտվեց գյուղում, ընդդիմությունը մայրաքաղաքում չի պարտվել: Մենք պարտվել ենք գյուղում, պարտվել ենք գյուղացուն: Մինչև ինֆորմացիոն կենտրոնացված աշխատանք չլինի՝ զուգահեռ քաղաքական պայքարի գործիքակազմի այլ գործիքներ օգտագործելով, հաջողության չենք հասնի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում