Իմ զենքն իմ ուսապարկերն են

Կառավարությունը նախօրեին որոշում ընդունեց, որով սահմանվեց ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը։ Որոշման համաձայն՝ Երևան քաղաքում մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին հատուցվելու է 65.000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85.000 դրամ։ Այլ քաղաքների դեպքում մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին հատուցվելու է 38.000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 50.000 դրամ, իսկ այլ բնակավայրերում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 20.000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 25.000 դրամ։

Կառավարության կողմից ընդունված այս որոշման մեջ, սակայն, որևէ մանրամասներ ներկայացված չեն այն մասին, թե ինչ տրամաբանությամբ և ինչ հաշվարկների հիման վրա է ընտրվել դրամական փոխհատուցումների չափը։ Մինչ նախագծի ընդունումն այն ներկայացված է եղել հանրային քննարկման, որի ամփոփաթերթում քննարկման մասնակիցների մեծամասնությունն իրավացիորեն ընդգծել է, որ անհնարին է Երևան քաղաքում 65 և, նույնիսկ, 85 հազար դրամով նշված պայմաններին բավարարող բնակարան վարձակալել, ինչին կառավարությունը հակադարձել է՝ մեկնաբանելով, թե «Այս փուլում դեռևս հնարավորություն առկա չէ բարձրացնել նախատեսված չափերը»։ Իրապես, Երևան քաղաքում արդեն տևական ժամանակ է, ինչ բնակարանների վարձավճարները կտրուկ աճել են։ Առնվազն անհրաժեշտ է 150.000-170.000 դրամ, որպեսզի հնարավոր լինի Երևանի ծայրամասում վարձակալել միջինից փոքր-ինչ վատ վերանորոգմամբ ու կահավորվածությամբ 2 սենյականոց բնակարան։ Այսինքն, պայմանագրային զինծառայողը համապատասխանաբար 65 և 85 հազար դրամ փոխհատուցում ստանալու դեպքում իր բնակարանի վարձավճարի 50%-ն ու ավելին պետք է տա իր սեփական գրպանից, դրան էլ գումարած՝ կոմունալ ծախսերը։

Կառավարության կողմից նման մեկնաբանությունը կարծես ծաղրանք լինի։ Նախ Փաշինյանը բոլոր հնարավոր հանրային ելույթների ժամանակ հայտարարում է, որ պետությունը ֆինանսական միջոցների որևէ խնդիր չունի, առավել ևս ԶՈՒ-ի պարագայում որևէ գումար չեն խնայելու՝ հատկացնելու են այնքան, որքան պետք է։ Երկրորդը, համեմատության համար դիտարկենք, թե որքան գումար է պետությունը հատկացնում, օրինակ, ԱԺ պատգամավորներին Երևան քաղաքում բնակարան վարձակալելու համար։ ԱԺ պատգամավորին Երևան քաղաքում վարձակալության համար հատկացվում է մինչև 100.000 դրամ, այն դեպքում, երբ պայմանագրային զինծառայողին՝ կախված վերջինիս ընտանիքի անդամների քանակի, հատկացվում է 65 և 85 հազար դրամ։ Ավելորդ է նշել, որ ԱԺ պատգամավորի աշխատավարձը շատ ավելի բարձր է, վերջիններս տարվա կտրվածքով պարբերաբար ստանում են պարգևավճարներ և ներկայացուցչական ծախսերի հատուցում, էլ չասենք աշխատանքային պայմանների «հարմարավետության» մասին՝ ծառայողական ավտոմեքենա, գրասենյակային աշխատանք և այլն։

Ավելորդ է խոսել նաև ընդհանրապես պետության կողմից ԱԺ պատգամավորներին վարձակալության գումար հատկացնելու արդարացիության մասին, քանի որ, ինչպես կարելի է տեսնել հրապարակված հայտարարագրերից, պետությունից բնակարանի վարձավճար վերցնող պատգամավորները բավական ապահովված են։ Այսպես, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, ով Ապարանից է, պետությունից ստանում է 100.000 դրամ Երևանում բնակարան վարձակալելու համար, սակայն տնօրինում է թվով 11 անշարժ գույք, որոնց թվում են նաև բնակարաններ, իսկ նախորդ տարվա ընթացքում վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 886.000 դրամ։

Մեկ այլ օրինակ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Պատգամավորի աշխատավարձին, ներկայացուցչական ծախսի համար նախատեսված գումարին և պարգևավճարներին զուգահեռ, Արփի Դավոյանն ամսական 100.000 դրամ գումար է ստանում՝ որպես բնակարանի վարձավճար, այն դեպքում, երբ վերջինիս տարեկան եկամուտը կազմում է մոտ 8 մլն դրամ, և ունի հիփոթեքային վարկով ձեռք բերված անշարժ գույք։

Պայմանագրային զինծառայողներին բնակարանի վարձակալության համար շուկայական գներին անհամապատասխան հատուցումների չափերը տվյալ պահին չբարձրացնելու հնարավորության բացակայության մասին կառավարության մեկնաբանությունն էլ ավելի բացասական է ընկալվում, երբ նույն օրը կառավարությունը որոշում է կայացնում ավելի քան 650 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ իբրև թե պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման համար, սակայն հատկացման նպատակի որևէ փաստական տվյալ ներկայացված չի լինում։ Եվ նման դեպքերը եզակի չեն։

Ստացվում է, որ թեև հանրային հարթակներում կառավարությունը դիրքավորում է իրեն «բանակի համար ամեն ինչ» սկզբունքով, սակայն գործնականում այս կամ այն որոշումը, որը վերաբերում է բանակին, ավելի շատ կրում է «ականջ շոյելու», պոպուլիստական բնույթ, ինչպես, օրինակ, եղավ կենսաթոշակների բարձրացման պարագայում։ Փաստացի, կառավարությունն իր բազմաթիվ հույժ գաղտնի կետեր պարունակող որոշումներով պատրաստ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից միլիոնավոր դոլարներ հատկացնել վարչապետի աշխատակազմին, բայց զինծառայողների բնակարանի վարձակալության համար փոխհատուցվող գումարը չի կարող իրեն թույլ տալ բարձրացնել՝ հասցնելու համար շուկայական գների մինիմումին, կամ, առնվազն, հավասարեցնել ԱԺ պատգամավորին նույն նպատակի համար հատկացվող գումարի չափին։

Տեսանյութեր

Լրահոս