Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը․ Արարատ Միրզոյան

Հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ։ Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ։

Եվ օգտվելով այս առիթից՝ կցանկանայի ընդգծել մեր գործընկերների միջնորդությամբ և օժանդակությամբ իրականացվող բանակցությունների կարևորությունը։ Մենք բարձր ենք գնահատում նրանց ջանքերն ու նվիրվածությունը խաղաղության օրակարգին և մեր տարածաշրջանի առավել լավ ապագային:

Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է, և այն հնարավոր կլինի, եթե կողմերը ցուցաբերեն առավելագույն պատրաստակամություն՝ հասցեագրելու հակամարտության հիմնական պատճառները։ Այս առումով առանցքային է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրը։

Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն։

Հասկանալի պատճառներով չեմ կարող շատ մանրամասնել ընթացող քննարկումների մասին և կցանկանայի պարզապես վերահաստատել մեր պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվել չափազանց բարդ և զգայուն հարցերի և իրավիճակների լուծումներ գտնելուն:

Այս բանակցություններում ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է գոյություն ունեցող միջպետական սահմանների փոխադարձ ճանաչմանը։ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական սահմաններ»,- հայտարարել է Միրզոյանը:

Նրա խոսքեորվ՝ Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն՝ ապագայում ցանկացած տարածքային պահանջից խուսափելու և ուժի կիրառման միջոցով այդ պահանջները նյութականացնելու հավանականությունը բացառելու նպատակով:

«Եվ ցանկացած հետագա երկիմաստությունից խուսափելու համար մենք առաջարկում ենք միջպետական սահմանների սահմանազատման համար որպես հիմք օգտագործել գոյություն ունեցող ամենավերջին քարտեզները:

Խորին ափսոսանքով նշենք, որ թվում է՝ այս հարցում լուրջ երկիմաստություն թողնելը հենց այն է, ինչին մտադրվել և ձգտում է Ադրբեջանի ղեկավարությունը:

Ավելին, խաղաղության և անվտանգության հաստատումը պահանջում է նաև վստահության ամրապնդման որոշակի միջոցառումների իրականացում։ Այս նպատակով մենք առաջարկել ենք ապառազմականացված գոտի ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մեր առաջարկն է՝ ուժերը տեղափոխել 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով սահմանված սահմանագիծ և սկսել քննարկում նշված ապառազմականացված գոտու ստեղծման կամ ուժերի հետքաշման պայմանների շուրջ։

Ցավոք, ադրբեջանական կողմը դեռ վարանում է ներգրավվել այդ քննարկումներում, և հայկական կողմի՝ ավելի քան մեկ տարի առաջ մեխանիզմների վերաբերյալ Ադրբեջանին գրավոր տրամադրված առաջարկը նույնիսկ չի էլ դիտարկվել։

Բանակցությունների օրակարգի մեկ այլ հարց կապված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հետ։ Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր և ունենալով փակ սահմաններ մեր չորս հարևաններից երկուսի հետ՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ օրակարգի առաջմղման հարցում՝ հստակ գիտակցելով, որ հաղորդակցության բոլոր ուղիները պետք է գործեն երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության հիման վրա և հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան։ Վերջին երեք տարիներին այս հարցում արձանագրված առաջընթացը մեզ տալիս է որոշակի լավատեսություն, ինչպես մենք ենք կոչում, «Հայկական խաչմերուկի» տեսլականին հետամուտ լինելու հարցում:

Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վարմանը զուգահեռ, Ադրբեջանը հետևողական գործողություններ է իրականացնում, որոնք հանգեցնում են Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում իրավիճակի վատթարացմանը։ Մայիսի 28-ի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ խոստովանեց իր իրական մտադրություններն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրը պատշաճ կերպով հասցեագրելու դժկամությունը։

Ես ցանկանում եմ անդրադառնալ նրա ելույթից որոշ ուղերձների.

«Ապրիլի 23-ին սահմանին տեղադրված սահմանային անցակետը պետք է դաս լինի այսօր Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի համար։»

«Մենք պատրաստվում ենք մեր ծրագրած վերջին քայլն անել, և այդ քայլն արվելու է, ես դրանում կասկած չունեմ։ Ես կրկին ասում եմ նրանց այստեղից՝ Լաչինի հողից, որը նրանք երկար տարիներ շահագործում էին և ապօրինի բնակեցմամբ էին զբաղվում, որ իրենց գիրքը փակված է»։

«Իմ ներկայացուցիչը գնաց և առաջին հանդիպումն ունեցավ նրանց հետ, հետո նրանց հրավիրեցինք Բաքու՝ բանակցելու: Նրանք հրաժարվեցին դա անել: Դրանից հետո, մենք երկրորդ անգամ հրավիրեցինք նրանց Բաքու, այսինքն՝ Ղարաբաղում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչներին։ Նրանք դրանից էլ հրաժարվեցին։ Երրորդ հրավեր չի լինելու: Կամ կգան գլուխները կկախեն և ինքնուրույն կգան, կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։»

Այս հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը Ադրբեջանի կողմից տարբեր կեղծ փաստարկներով չկատարելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտման հետ մեկտեղ, բացահայտում և հստակ ի ցույց են դնում Ադրբեջանի ղեկավարության իրական տրամադրվածությունն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի նկատմամբ։ Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները հավասարապես վկայում են միջազգային իրավունքին հավատարմության և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու ցանկության բացակայությունը»,- ասել է ԱԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս