Անհետ կորածների ծնողները որոշել են փակել Բաղրամյան պողոտան

Առավոտյան Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կառավարությունից նրանց փոխանցել են, որ նա այսօր չի կարող ընդունել իրենց։

Այնուհետև անհետ կորածների հարազատները շարժվել են Բաղրամյան 26 և սպասում են, որ որևէ պաշտոնյա իրենց ընդունի: Մի պահ նրանք մտան նախագահականի շենք, և թվաց, թե նրանց պատրաստ են արդեն ընդունել, սակայն այս պահին անհետ կորածների ծնողները դեռ նախագահականի դիմաց են և սպասում են որևէ պաշտոնյայի կողմից ընդունելության, հակառակ դեպքում, ինչպես նշել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը, իրենք ճանապարհ կփակեն՝ Բաղրամյան փողոցը, ինչը և հետո փորձեցին անել, այնուհետև որոշեցին բարձրանալ դեպի Բաղրամյան-Պռոշյան հատված, և այդ խաչմերուկը փակել:

Հիշեցնենք, որ վերջերս ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, սակայն նա նրանց չէր ընդունել:

Նշենք, որ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար Էջմիածնի «քիմիկների» զորամասից 62 զինծառայող էր մեկնել առաջնագիծ՝ Զանգելան։ Նրանցից 22-ին հաջողվել էր վերադառնալ տուն, մյուս 40-ը հայտնվել էին շրջափակման մեջ։ Հետագայում գերեվարված զինծառայողներից 5-ին Բաքուն վերադարձրեց, իսկ մյուս 35-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։

Քրեական գործով մեղադրյալի աթոռին են, մասնավորապես, ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության պատրաստության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս