Անհնարին է՝ արցախցիներն ապրեն Ադրբեջանում. սա ոչ թե դիվանագիտության, այլ ազգային հարց է. Ավետ Ադոնց
«Արցախի հարցը, դրա կարգավորումը դիվանագիտության հարց չէ. սա իսկապես ազգային, համազգային հարց է, Սահմանադրության, անկախ Հայաստանի Հանրապետության փիլիսոփայության հարցն է,- «Շրջափակում. Օր 220» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԳՆ նախկին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը՝ մանրամասնելով,- 30 տարի միջազգային հանրության քաղաքակիրթ սեգմենտը համարում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման սկզբունքները:
30 տարի անց մենք առերեսվում ենք նոր իրականության հետ՝ բացարձակապես մոռացվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, և ՀՀ իշխանությունների համաձայնությամբ՝ մնացել է 1 սկզբունք՝ տարածքային ամբողջականության սկզբունքը»:
Ավետ Ադոնցը հիշեցրեց, որ վերջինս ամրագրվեց, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց իր պատրաստակամությունը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ:
Դիվանագետը, այդուհանդերձ, շեշտեց՝ բոլորս պատկերացնում ենք, թե որքան անհնարին է, որ արցախցիներն ապրեն Ադրբեջանի կազմում, թե որքան պատրաստ չէ նույնիսկ միջավայրը, թեկուզ ադրբեջանական միջավայրը՝ ապահովել արցախցիների տարրական անվտանգությունը:
«Հայը ադրբեջանական դասագրքերում ներկայացված է թշնամի, իսկ հային սպանելը, բռնաբարելը համարվում է նորմ,- ցավով նշեց նա՝ արձանագրելով,-Ներկայիս իշխանության ղեկավարը համաձայնել է դրա հետ: Եվ փորձում է ինչ-որ ձևով առաջ տանել արցախցիների անվտանգության օրակարգը՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով. ի՞նչ երկխոսություն, ինչի՞ մասին, ո՞վ է, առնվազն, Ստեփանակերտից երկխոսելու Բաքվի հետ, ես չգիտեմ»:
Անդրադառնալով Արցախի ապաշրջափակման պահանջով մեկնարկած հանրային գործընթացներին, Ավետ Ադոնցը շեշտեց, որ մենք դիմում ենք երրորդ կողմին՝ առանց մեզնից պահանջներ ունենալու. մենք ենք պատճառը, քանի որ կատարվածը երկար տարիների սխալների հետևանքն է:
Մանրամասները՝ տեսանյութում