«Արցախահայերն ասում են՝ հաց չունենք, ՀՀ իշխանությունն ասում է՝ գնացեք, Բաքվին ասեք». Հայկ Մամիջանյան

Այսօր Հանրապետական կուսակցության երիտասարդները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ-ում տարբեր միջազղգային կառույցների գրասենյակների մոտ՝ ի աջակցություն Արցախում հայտարարված համաժողովրդական շարժման։

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիմեց Միացյալ ազգերի կազմակերպության ներկայացուցիչներին, ընդգծելով՝ գիտի, որ այս պահին նրանց խնդրում են լինել ավելի հայրենասեր ու հայասեր, քան Հայաստանի իշխանությոններն են։

«Մենք այս խնդիրը կշտկենք, մեր բաժին գործը կանենք, բայց դրա համար անհրաժեշտ է ժամանակ, որն Արցախի մեր եղբայրներն ու քույրերը չունեն։ Մենք ակնկալում ենք, որ դուք գործուն աջակցություն կցուցաբերեք։ Պարտադիր չէ, որ Ստեփանակերտի կենտրոնում սովամահ եղած հայերի դիակներ լինեն, նրանք հայտնվեն միջազգային պարբերականներում, ու նոր սկսենք գործել, գործելու ժամանակը վաղուց անցել է և օր օրի չգործելու հետևանքներն ավելի ահասարսուռ են դառնում։

Հայաստանի իշխանություններից ակնկալիք չկա, որովհետև Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ստեփանակերտ, գնացեք Բաքվի հետ բանակցեք, և միևնույն ժամանակ ասում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Այլ կերպ ասած՝ Ստեփանակերտի մեր քույրերն ու եղբայրներն ասում են՝ հաց չունենք, իսկ Հայաստանի իշխանություններն ասում են՝ գնացեք՝ դա ասեք Բաքվին։ Այստեղ հավաքված երիտասարդները, մենք՝ բոլորս, բոլոր հայերը երբեք չեն հանդուրժելու Արցախն Ադրբեջանի կազմում։ Բայց անհրաժեշտ է այս պահին լուծել հումանիտար ճգնաժամը»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս