Իրանի նախագահն ավարտել է իր աֆրիկյան շրջագայությունը՝ Աֆրիկան անվանելով հնարավորությունների տարածաշրջան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ավարտել է շրջագայությունը աֆրիկյան երկրներ։ Իր գործընկերների պաշտոնական հրավերով Ռայիսին այցելել էր Քենիա, Ուգանդա և Զիմբաբվե։ Ռայիսին դրական է գնահատել իր եռօրյա այցը։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Ռայիսին Աֆրիկա իր այցի ձեռքբերումներից մեկն է անվանել Իրանի և աֆրիկյան երկրների միջև կապերի ամրապնդումը՝ նշելով, որ հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ, ինչպես ասիական երկրների և աշխարհի այլ մասերի հետ, կարևոր են Իրանի համար։ Միևնույն ժամանակ, Ռայիսին Աֆրիկան անվանել է հնարավորությունների տարածաշրջան, որը չի կարելի անտեսել։
Իրանի նախագահը նշել է, որ այցի արդյունքում ապահովվել է Իրանի գիտատար արտադրանքի համար արտահանման շուկաների ստեղծումը։ Բացի այդ, ըստ Ռայիսիի՝ Աֆրիկայում բարենպաստ դաշտ կա առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության համար․ կողմերը քննարկել են փոխանակման մեխանիզմի ակտիվացումը՝ թույլ տալու Իրանին առաջին անհրաժեշտության ապրանքներ ստանալ նավթաքիմիական արտադրանքի մատակարարման դիմաց։
Այցի ընթացքում արծարծված այլ թեմաներից են եղել գիտատեխնիկական կապերը, և այդ կապակցությամբ երեք երկրներում էլ բացվել է գրասենյակ՝ իրանական տեխնոլոգիաներին ծանոթանալու համար:
Բացի Քենիայի, Ուգանդայի և Զիմբաբվեի նախագահների հետ հանդիպումներից, Էբրահիմ Ռայիսին հանդիպում է ունեցել նաև առևտրականների և գիտնականների հետ։
Աֆրիկյան երեք երկրների հետ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ շուրջ 21 փաստաթուղթ։