Արցախի կորուստը հայության ողբերգությունների նոր սկիզբն է լինելու. Արտակ Զաքարյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր ԵՄ գրասենյակի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Արցախի Հանրապետությունն օրհասական վիճակում է գտնվում, արցախահայությունը, Արցախի իրական տերերը գտնվում են օրհասական վիճակում։
«Այսօր պետք է կոչնակ, կանչ հնչեցնել, ամբողջ հայությանը ոտքի կանգնեցնել, համախմբության կոչ անել, որովհետև Արցախը չի կարող հայության հետագա հանգիստ կյանքի վճարը լինել, դա հայության ողբերգությունների նոր սկիզբն է լինելու։ Այն, ինչ այս իշխանությունները ցանկանում են իբրև թե իրենց քաղաքական հաշվարկների հիմքում դնել՝ «Արցախը տալ ու լավ ապրել», չի լինելու նման բան։ Նախ՝ Արցախ տվողն իրենք չեն, նրանք չեն Արցախն անկախության ու ազատության ճանապարհին դրել, որ հիմա էլ Արցախը տալու մասին խոսեն կամ Արցախի առևտրի, վաճառքի վերաբերյալ բանակցություններ կազմակերպեն»,- նշեց Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ԵՄ շենքի մոտ է՝ ականջալուր լինելով արցախահայության կոչին, փորձում է իր ձայնը բարձրացնել միջազգային մի շարք կառույցների մոտ, որոնք հանձնառու են իրավունքների համար, մարդկանց կենսական, տարրական կյանքին առնչվող իրավունքների համար։
«Եթե ՀՀ իշխանությունները դավադիր գործողություններ են անում՝ դա իրավունք ու հիմք չպետք է տա միջազգային հանրությանը՝ հետևել ու ասել, դե, եթե Նիկոլն Արցախը համարում է Ադրբեջան, ուրեմն՝ վերջ, կարելի է խնդիրը համարել լուծված։ Ոչ, հայ ժողովուրդն Արցախը չի համարում Ադրբեջան, իսկ Արցախը հայ ժողովրդի սեփականությունն է։ Արցախ աշխարհը հայկական սեփականությունն է, այդպես միշտ եղել է, կա ու լինելու է»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը։
Նա նշեց, որ այսօր պարտավոր են խոսել բացառապես Արցախի խնդրի և Արցախի ճակատագրի շուրջ համախմբման մասին, և բոլոր պատվախնդիր հայորդիները՝ աշխարհի տարբեր անկյուններում, պետք է նորից միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահեն ստեղծված օրհասական իրավիճակը։
«1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց, և այն դարձավ համաժողովրդական շարժում և այն հաջողեց։ Այսօր կրկին նմանատիպ իրավիճակ է, Արցախի շուրջ համախմբումը դարձել է օրհասական անհրաժեշտություն։ Նորից եմ հորդորում՝ Արցախը պահել թիվ մեկ հանրային օրակարգում»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում