«Զրո կետից» դեպի խորացող ինքնամեկուսացում. Հակոբ Ավետիքյան
Կատաղի այն արձագանքը, որով նախորդ շաբաթ դիմավորվեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկը՝ փորձառու դիվանագետների մի կուռ թիմով բեկում մտցնելու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եւ աշխույժ աշխատանքով երկիրը դուրս բերելու ներկա հուսահատական վիճակից, ապշեցուցիչ էր:
Կարելի էր չկիսել նախկին նախարարի լավատեսությունն ու ինքնավստահությունը, առարկել 100 տոկոսով հաջողության հասնելու վերաբերյալ նրա պնդմանը, սակայն 11 տարվա դիվանագիտական վաստակ, հմտություն, Արցախյան հարցի բոլոր ծալքերին քաջածանոթ աձնավորությանը հեգնելը, նույնիսկ 2-3 ամիս համր մնալու նրա թելադրությունը անընդունելի համարելու դեպքում նրան անտեսելը, մեղմ ասած, անխոհեմ ընթացք էր իշխող խմբավորման կողմից:
Մինչդեռ իր գործը, իր առաքելությունը հարգող որեւէ խումբ կամ խմբավորում, առավել եւս՝ կառավարություն, թեկուզ քաղաքավարությունից դրդված, պարտավոր էր խորհրդակցական հանդիպման հրավիրել նրան, իմանալ-ստուգել նրա ինքնավստահության հիմքերը կամ հիմնավոր լինելը: Զարգացող շատ երկրներ, մերինից շատ ավելի նվազ վտանգավոր իրավիճակներում, միանգամից մի քանի էքսպերտներ են վարձում, մեծ գումարներով, խորհրդատվության համար: Իսկ զարգացած երկրները, բացի իրենց դիվանագետներից, ստեղծում-պահում են ուղեղային մի քանի կենտրոններ, think tank, հենց խորհրդատվությունների համար:
Այստեղից առաջ է գալիս առաջին հարցը. 2018-ի իշխանափոխության ժամանակ գոնե մեր դիվանագիտական համակարգում տեղի ունեցա՞վ տեղեկությունների ու վելրուծական տվյալների փոխանցում, այսպես կոչված՝ ընդունում-հանձնում գլխավոր ուղղություններով, ասենք՝ մեր ամենափորձառու դիվանագետի՝ Էդուարդ Նալբանդյանի, Վարդան Օսկանյանի եւ ուրիշների հետ: Գոնե ես չեմ հիշում նման դեպք: Փոխարենը նորերը, դիվանագիտական տարրական գիտելիքներ, նույնիսկ դիվանագիտական կենցաղավարություն չիմացող մարդիկ նստեցին իրենց համար անսովոր աթոռներին եւ ամեն ինչ սկսեցին իրենց շեֆի «զրո»ից:
Այդ «զրո կետն» էր, որ իրարահաջորդ դժբախտություններ բերեց մեր երկրին, որոնց ծանր հետեւանքների տակից չենք կարողանում դուրս գալ արդեն հինգ տարի, այլ՝ հետզհետե լրիվ խրվում ենք մեկուսացման ճահճի մեջ:
Այդ «զրո կետն» էր պատճառը, որ բազմաթիվ սայթաքումներից բացի եւ աղետալի պարտությունից հետո զրոյացվեց մեր երկու՝ թերեւս վերջին հնարավորությունները փրկելու Արցախի մնացորդացը՝ հող եւ ժողովուրդ: Առաջինը Լաչինի միջանցքում, Հաքարիի կամրջի վրա, ադրբեջանական անցակետ թույլ չտալու, երկրորդը՝ 120 հազար արցախահայության շրջափակում-պատանդապահումը անօրինական եւ հակամարդկային որակող Միջազգային դատարանի վճիռը իրացնելու (capitalisation) անկարողությունը: Հիշենք՝ առաջինի պարագայում մենք ունեինք միջազգային նպաստավոր տրամադրվածություն՝ թույլ չտալու 2020 նոյեմբերի 9-ին ստեղծված status quo-ի փոփոխություն, իսկ երկրորդի դեպքում՝ իշխանության ոչինչ չանելու թուլակամությունը: Վերջինի պարագայում, ինչպես առաջինի, հարկավոր էր դիվանագիտական ռեսուրսների եւ քարոզչական միջոցների (նկատի ունեմ Սփյուռքի ներուժը նաեւ) իսկական զորաշարժ: (Գիտեմ, «ՔՊ»ականները որքա՜ն են սարսափում վերջին այս բառից):
Ոչ այն եղավ եւ ոչ էլ մյուսը: Պատճառը դիվանագիտական զրոյականությունն էր, որը ծածկել-կոծկելու համար զրոն եւ զրոյականությունը մոգոնեցին խաղաղասիրության լոզունգային տարբերակը, որին կշիռ տալու համար էլ՝ հակադրեցին պատերազմի ուրվականը:
Նիկոլ Փաշինյանը սիրում է հաճախ կրկնել, թե ինքը շատ ծանր ժառանգություն է ստացել երկրի նախորդ ղեկավարներից: Կարիք չկա այստեղ կրկնելու, թե այդ դեպքում, երբ արդեն հասկացել էր ստացած ժառանգության ծանրությունը, ինչո՞ւ չի հրաժարվել այն կրելու, պատկերավոր ասած՝ ծանրաձողը վերցնելու պարտականությունից: Չի զգացե՞լ քաշային տարբերությունը իր եւ նախորդների, նաեւ այլոց միջեւ: Խոհեմ ու խելացի, մանավանդ պետական պատասխանատվության գիտակցումն ունեցող մարդն առնվազն կդիմեր փորձառու մասնագետների, առաջին հերթին՝ նախկին դիվանագետներին, մի կողմ թողնելով բոլոր կարգի ինքնասիրահարվածությունները:
Սեփական զրո կետից սկսելու փառասիրությունն է, որ այսօր Հայաստանը համարվում է, նույնիսկ բարեկամ պետությունների կարծիքով, երկդիմի, անվստահելի, հետեւաբար՝ մեկուսացած երկիր:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
«Ազգ» թերթ