Բաժիններ՝

Ուկրաինացի գեներալը CNN-ին հաստատել է, որ Կիևն արդեն ԱՄՆ-ից կասետային զինամթերք է ստացել

Ուկրաինացի գեներալը CNN-ին հաստատել է, որ երկիրն ԱՄՆ-ից ստացել է կասետային զինամթերք այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենն անցյալ շաբաթ հայտարարեց, որ ընդունել է «դժվարին որոշումը» և հավանություն կտա Կիևին այդ զինամթերքի մատակարարմանը։ Այս տեղեկությունը հաստատել է Տավրիայի համատեղ ուժերի գործողության հրամանատար, բրիգադային գեներալ Ալեքսանդր Տառնավսկին։

«Մենք նոր ենք դրանք ստացել, դեռ չենք կիրառել, բայց դրանք կարող են արմատական փոփոխություն մտցնել (խմբ․՝ առաջնագծում)», – ասել է գեներալը։

Նա հավելել է, որ գերագույն հրամանատարությունը կորոշի, թե որ հատվածներում կասետային զինամթերքը կարող է օգտագործվել, քանի որ դրա օգտագործումն արգելված է խիտ բնակեցված հատվածներում։

ԱՄՆ-ում հայտարարել էին, որ Ուկրաինայից գրավոր հավաստիացումներ են ստացել, որ կասետային զինամթերքը չի օգտագործվի այն հատվածներում, որտեղ կան քաղաքացիական անձինք, և որ դրանց կիրառումը պետք է տեղորոշվի հետագա ականազերծման աշխատանքների համար։

Այս զինամթերքը սովորաբար արձակում է մեծ թվով փոքր ռումբեր կամ մետաղի կտորներ, որոնք կարող են անխտիր զգալի վնաս հասցնել մեծ տարածքում՝ սպառնալով խաղաղ բնակչությանը: Այս ռումբերի չպայթած մասերը վտանգ են ներկայացնում նաև հակամարտության ավարտից հետո:

2008 թ․-ին Օսլոյում ստորագրվել է կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է կասետային ռումբերի օգտագործումը, մշակումը, արտադրությունը, պահեստավորումը և վաճառքը։ ԱՄՆ-ն այս կոնվենցիայի մասնակից երկիր չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս