«Էրդողանն ուղղակի թքեց Պուտինի երեսին. անկեղծ, շատ ուրախ եմ, որ նա այդպիսի հարվածներ ստացավ իր մտերիմ ընկերոջից». Գագիկ Համբարյան

«Նկատեցի՞ք, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել իր այցի մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններից հետո, որը երեկ լրատվամիջոցներին ասաց, որ նախատեսված հանդիպումն ավելի շուտ է կայանալու: Դուք հասկացաք, չէ՞, որ Ադրբեջանի բռնապետը բացահայտ ցույց է տալիս՝ բոլոր հարցերը լուծում է Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Մոսկվայում՝ հենց այդ կենտրոնների ղեկավարների հետ: Այսինքն՝ ՀՀ վարչապետը միայն վերջում է տեղեկանում: Ես համոզված եմ, որ Նիկոլին ընդամենը երեկ երեկոյան զանգել, ասել են՝ ամսի 15-ին կգաս Բրյուսել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Նիկոլ Փաշինյանն այդքան չկա, որ ինքը գնա՝ բանակցի: Վերջապես, մեր հասարակությունը հասկանալո՞ւ է, թե՞ ոչ, որ պարտված ղեկավարը չի կարող իրեն հաղթած ղեկավարի հետ հավասարը հավասարին բանակցել և ինչ-որ դրական արդյունքներ արձանագրել: Նիկոլ Փաշինյանը, բացի նվաստացումից, նսեմացումից և նորանոր խայտառակություններից, ՀՀ և Արցախի գլխին էլ ավելի մեծ աղետներ բերելուց՝ ուրիշ բան չի կարող բերել: Ես համոզված եմ, որ Շառլ Միշելն ու Ալիևը ՀՀ հաշվին բանակցել են, հիմա սրան կանչում են, ասում են՝ արի, ծանոթացիր: Ավելին չսպասեք հանկարծ»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որ՝ 2025-ին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, քաղաքագետը հետևյալն ասաց.

«Ռուսաստանը չունի նորմալ արտաքին քաղաքականություն: Ռուսաստանը չունի դոլարային էքսպանսիայի քաղաքականություն: Ռուսաստանը չի կարող տարբեր երկրներում ձևավորել պրոռուսական լոբբիստական խմբեր: Այն ուժերը, որոնք Նիկոլին բերեցին իշխանության, առաջնորդվեցին հետևյալ կարգախոսով՝ չկա արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն: 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով Ռուսաստանը որոշ չափով խախտեց Արևմուտքի ծրագրերը՝ ամբողջ Արցախը չկարողացան տալ, ավելին՝ մեկ բազայի փոխարեն՝ ստեղծվեց երկրորդը՝ որպես խաղաղապահների բազա արդեն Արցախում:

Կարդացեք նաև

Բայց ես բազմիցս նշել եմ, որ Ռուսաստանը պետք է հանգիստ չնստի, որովհետև պլան ա-ի տապալումից հետո Արևմուտքը սկսեց իրագործել պլան բ-ն: Իսկ պլան բ-ի համաձայն՝ Հայաստանի հասարակության մոտ այս 5 տարվա ընթացքում, ինչ ռուսական խաղաղապահները պետք է գտնվեն Արցախում, պետք է այնպիսի հակառուսական տրամադրություններ ձևավորել, որ հայաստանյան հասարակությունն ինքը ռուսներին դուրս շպրտի այստեղից: Պատերազմից հետո այս երեք տարիները ցույց տվեցին, որ իմ կանխատեսումները ճիշտ էին՝ ալիքաձև հակառուսական հիստերիաները, ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելը, բոլորը գալիս են այդ ծրագրից: Իսկ ի՞նչ է արել Ռուսաստանը. Ռուսաստանը, շատ զարմանալիորեն, մտածում էր, որ Թուրքիան իր լավ գործընկերն է»:

Գագիկ Համբարյանի համար զարմանալի է, որ Պուտինի նման մարդը, որ 23 տարի ղեկավարում է Ռուսաստանի նման երկիր, Թուրքիայի նման երկրին համարում է ռազմավարական գործընկեր, իսկ Էրդողանին համարում էր բարեկամ կամ ընկեր. «Մարդ ինչքա՞ն պետք է իրականությունից կտրված լինի, որ չուսումնասիրի Ռուսաստանի հազարամյա պատմությունը և չհասկանա, որ Ռուսաստանն իր ամբողջ պատմության ընթացքում ամենաշատը պատերազմել է Թուրքիայի հետ՝ 14 անգամ: Ո՞նց կարող է ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, որի տարածքում գտնվում են ֆրանսիական, գերմանական, ամերիկյան, բրիտանական բազաներ, լինի ՌԴ բարեկամը:

Ո՞նց կարող էր Պուտինն իրենց իսկ բառերով՝ «Ազովի» ահաբեկիչներին, որոնց գերեվարման համար հազարավոր ռուս զինվորականներ իրենց կյանքը տվեցին, ի պահ տար Թուրքիայի նախագահ Էրդողանին, իբրև թե վերջինիս խոստմամբ, որ այդ ահաբեկիչներին Թուրքիան կհանձնի Ուկրաինային պատերազմից հետո:

Ընդամենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ օր առաջ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Անկարայում Էրդողանն ուղղակի թքեց Պուտինի երեսին և այդ հանրաճանաչ 5 ահաբեկիչներին նվիրեց Զելենսկուն: Ավելին, այդ հանդիպման ժամանակ Էրդողանը բացահայտ նշեց, որ իրենք ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ Ղրիմը՝ որպես Ուկրաինայի տարածք, աջակցելու են Ուկրաինային նաև ռազմական առումով, և ամենակարևորը՝ Ուկրաինայում կառուցելու են հանրաճանաչ բայրաքթար ԱԹՍ-ներ արտադրող գործարան: Լավ, դա ինչի՞ հետևանք է, եթե ոչ՝ ռուսական էլիտայի դավաճանության»:

Նա ընդգծեց՝ չի կարող 23 տարի իշխանության եղած մարդը նորմալ ղեկավարել երկիրը. «Պուտինը դրա վառ օրինակն է: Ուկրաինական կոնֆլիկտը բացահայտեց ռուսական իշխանությունների խայտառակ պատկերը: Ռուսական էլիտայում բազմաթիվ մարդիկ կան, օրինակ՝ Վալենտինա Մատվիենկո, Նարիշկին, բիզնես միլիարդատերեր Գոդ Նիսանով, Զախար Իլիև, մեդիամագնատ Գուսման, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Բեգլով, սրանք բոլորը թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչներն են Ռուսաստանում, սա բացահայտ թուրքական լոբբիստական խումբ է Պուտինի շրջապատում: Հիմա ես անկեղծ շատ ուրախ եմ, որ Պուտինն այսպիսի հարվածներ ստացավ իր մտերիմ ընկեր Էրդողանից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս