«Դժվարություններ շատ կան, բայց ժողովուրդը փորձում է հաղթահարել». Աղաբեկալանջի գյուղապետ
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղը, ինչպես շրջափակված Արցախի մյուս գյուղերը, փորձում է ամեն կերպ հաղթահարել դժվարությունները, որին բախվում է։
Թեպետ 90-ականներին էլ գյուղում դժվարին վիճակ է եղել, բայց 21-րդ դարում շրջափակման բերած դժվարություններն այլ են, որոնք էլ փորձում են ամեն կերպ հաղթահարել։
168.am-ի հետ զրույցում Աղաբեկալանջ գյուղի ղեկավար Հովիկ Սաիյանն ասաց, որ գյուղում բնակիչներն ապրում են այնպես, ինչպես շրջափակված բոլոր արցախահայերը։
«Ապրում ենք, էլի, դժվարություններ շատ կան, բայց ժողովուրդը փորձում է հաղթահարել։ 90-ականներին էլ գրեթե նույն վիճակն էր»,- նշեց Հովիկ Սաիյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե շրջափակումը գյուղում կոնկրետ ինչ դժվարություններ է առաջացրել։
Ինչ վերաբերում է վերջերս գյուղում տեղի ունեցած դժբախտ դեպքին, երբ մայրը երկու անչափահաս երեխաներին թողել էր տանը և շտապել Մարտակերտ՝ երեխաների համար սնունդ բերելու, և վերադառնալով՝ երեխաներին հայտնաբերել մեքենայում մահացած, գյուղապետը փոխանցեց, որ ընտանիքն իրենց գյուղից չէ, պարզապես մի քանի օրով են եկել գյուղ, Մարտակերտից են։
«Նա մեր գյուղից չէ, մեզ մոտ ուղղակի մի քանի օրով հյուր էր եկել, ապրում են Մարտակերտում»,- եզրափակեց գյուղապետը։
Հիշեցնենք, որ Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել էր, որ Մարտակերտի շրջանում երկու անչափահաս՝ երեքամյա և վեցամյա երեխա է մահացել։ Մայրը նրանց թողել էր տանը, փորձելով ոտքով գյուղից հասնել Մարտակերտ՝ երեխաների համար սնունդ բերելու։ Ադրբեջանի շրջափակման հետևանքով մեքենա չի եղել, սնունդն էլ սուղ է եղել, ուստի մայրը Մարտակերտ է հասել ոտքով՝ կտրելով մոտ 5 կմ ճանապարհ։ Նրա հետևից երեխաները դուրս են եկել ու ճանապարհին մտել կայանված մեքենայի մեջ, որտեղ մահացել են։