Իրանի ԶՈՒ ԳՇ պետը սպառնացել է վերսկսել Իրաքի տարածքի գնդակոծությունները
Իրանը կվերսկսի հարվածները Իրաքի տարածքին, եթե Բաղդադը չկատարի հյուսիսային շրջաններում տեղակայված «թշնամական զինված խմբավորումների» դեմ գործողություններ ձեռնարկելու իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
«Հյուսիսային Իրաքում գործում են զինված անջատողական խմբեր, որոնք վտանգավոր դրություն են ստեղծում մեր սահմաններին», – Բաղերիի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։
Իրանի բարձրաստիճան զինվորականը հիշեցրել է Իրաքյան Քուրդիստանում «ահաբեկչական խմբավորումների» դեմ Իրանի հրթիռային և ԱԹՍ-ների հարվածների մասին։ Նա շեշտել է, որ այդ հարվածները կասեցվել են այն բանից հետո, երբ Բաղդադի կառավարությունը հանձն առավ այդ մինչև օգոստոս զինաթափել այդ խմբավորումներին և կանխել նրանց հետագա գործունեությունը»։
«Եթե վերջնաժամկետն անցնի, և նրանք մնան զինված և որևէ գործողություն իրականացնեն, ապա մենք ավելի դաժանորեն կկրկնենք մեր գործողությունները նրանց դեմ», – զգուշացրել է Բաղերին։
Անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը սկսեցին հարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանի հյուսիսային շրջաններին։ Ըստ իրանական կողմի՝ հրետանային կրակի են ենթարկվել քրդական «ահաբեկչական կազմավորումները, որոնք մասնակցել են Իրանի հյուսիս-արևմուտքում անկարգությունների կազմակերպմանը»։