Ստեփանակերտում ակնկալում են միջազգային հանրության պատշաճ արձագանքը Բաքվի ագրեսիվ քայլերին
Ադրբեջանը, անընդհատ նվազեցնելով Լաչինի միջանցքի նշանակությունը, միջանցքի ողջ իրավական բովանդակությունը, ի վերջո, բերել է նրան, որ նախ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից այն ընդամենը վերածվել էր հումանիտար բեռնափոխադրումներ կատարելու համար նախատեսված ճանապարհի, իսկ հունիսի 15-ից առհասարակ դադարեցրել է նաև այդ հնարավորությունը:
Այս մասին հուլիսի 6-ին նշեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ընթացքում: «Պետք է մի կարևոր արձանագրում անել, որ Արցախը Հայաստանին կապող երաշխավորված ճանապարհը և դրանով հումանիտար բեռնափոխադրումը իրարամերժ բառակապակցություններ են, որովհետև այն ոչ թե հումանիտար բեռնափոխադրումների համար է, այլ Արցախը Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կապող երաշխավորված ճանապարհ է, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել երեք պետությունների ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին»,-ընդգծեց Արցախի պետնախարարը:
Նա փաստեց, որ եթե նախկինում Ադրբեջանը հայտարարում էր, թե ճանապարհը փակ է ՌԴ խաղաղապահների կողմից, ապա այսօր հրապարակայնորեն հայտարարում է, որ դա հենց ադրբեջանական գործողությունների հետևանքով է, և այն չի կարող ծառայել նույնիսկ հումանիտար բեռնափոխադրումների համար: « Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանն իր ցանկացած քայլով միջազգային հանրության արձագանքը ստուգելով՝ խորացնում է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները և արդեն ստեղծված ճգնաժամն Արցախում: Որքան միջազգային հանրությունն այս քայլերի հաջորդականությանը անհրաժեշտ և պատշաճ արձագանքը չի տալիս, այնքան դրանք շարունակաբար խորանալու են, և Արցախի ժողովրդի համար հավելյալ խնդիրներ ու ծանրաբեռնվածություն է ստեղծվելու»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը՝ կարևորելով գոնե այսուհետ Ադրբեջանի նման քայլերին կանխումը միջազգային հանրության կողմից: