ՌԴ-ում հաստատ էլիտաների «չիստկա» է լինելու, դրանում կասկած չկա. Հայկ Նահապետյան

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի փոխանցմամբ՝ հետաքրքիր տեղեկություն էր տարածվել, երբ հունիսի 23-ի երեկոյան ՌԴ-ում «Վագներ» ռազմական  խմբավորման ղեկավարը գործողություն էր սկսել, Նիկոլ Փաշինյանն իր ավտոշարասյունով ինչ-որ տեղ էր գնացել, և ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ դեսպանի նստավայր, ոչ թե աշխատավայր, այլ ապրելու վայրը։

«Հետաքրքիրն այն է, որ շարասյունով են գնացել, Փաշինյանն ինչ-որ հատվածում իջել է ու գնացել։ Սա ականատեսներն են ասում, այսպես ասած՝ գաղտնիք չէ։

Այդուհանդերձ ՌԴ-ում փաստացի հեղաշրջման գործընթացը ձախողվել է, ժամանակին երբ ՌԴ նախագահին հարցրել են, թե որպես քրիստոնյա՝ կարո՞ղ է ներել մարդկանց, նա վստահաբար պատասխանել է, որ այո, սակայն մեկ դեպքում չի կարող ներել, եթե իրեն դավաճանում են։ Երբ այդ գործընթացը ձախողվեց, Նիկոլ Փաշինյանն, իր բնավորության համաձայն, այդ ամենը տեսնելով՝ զանգահարեց ՌԴ նախագահին, և ձախողումից հետո կատարած զանգն առոչինչ է։ ՌԴ-ի համար վաղուց պարզ է, թե ինչ ասել է՝ Փաշինյան։ Հիմա ՌԴ-ն այստեղ, այսպես ասած, պահպանում է ստատուս-քվոն, մինչև Ուկրաինայում իրավիճակը չհանգուցալուծվի, դրանից հետո Փաշինյանն էլ, Ալիևն էլ ըստ արժանվույն իրենց պատասխանը ստանալու են»,- 168.am հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում տեղի ունեցած իրավիճակին և հարցին, թե այդ ամենն ինչ անդրադարձ կարող է ունենալ ՀՀ-ի վրա։

Ըստ փորձագետի, պատահական չէր, որ Արցախում ադրբեջանական կողմը բետոնե բլոկներ դրեց հունիսի 23-ից երկու օր առաջ, և չի բացառում, որ այդ ամենն ընդհանուր պլանավորման մեջ էր, քանի որ հեղաշրջման պլանավորումն Արևմուտքն անուղղակիորեն խոստովանել է։

Կարդացեք նաև

«Երբ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ իրենք երկու շաբաթ իրազեկված են եղել, որ նման բան պետք է լինի, ապա խիստ անտրամաբանական է և ոչ պետական մոտեցում։ Իրենք հասկանում էին, որ ՌԴ-ում, եթե հաղթեր  Պրիգոժինը, ապա իշխանության էր գալու ոչ օրենքներով առաջնորդվող մի անձնավորություն, որի տնօրինման ներքո լինելու էր հազարից ավելի մարտական գլխիկով միջուկային հրթիռ, որը ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մոլորակի համար կարող էր սպառնալիք լինել, ուստի ԱՄՆ-ում որտեղ համապատասխան մասնագետներ կան, պետք է իրազեկեին ՌԴ-ին։

Հետևություն՝ Արևմուտքն անուղղակի հաստատեց, որ ինքն ուղղակի ոչ միայն մասնակից է, այլև կազմակերպիչ։ Սրա մասին բարձրաձայնել է նաև Պուտինն իր ուղերձում՝ զուգահեռ տանելով փետրվարյան հայտնի դեպքերի հետ, ասելով, թե ովքեր են փետրվարյան հեղափոխության կազմակերպիչները։ Նա այնտեղ նշեց երկու ձևակերպում՝ քաղաքական ավանտյուրիստներ և արտաքին ուժեր՝ ուժային կենտրոններ։ Նա չնշեց պետությունների անուններ, բայց հասկանալի է, առնվազն 2-3 պետություն պետք է ներգրավված լինեն»,- հավելեց Հայկ Նահապետյանը։

Ռազմական փորձագետը նաև ընդգծեց, որ ՌԴ-ում հաստատ էլիտաների «չիստկա» է լինելու, և դրանում կասկած չկա։ Միաժամանակ չբացառեց, որ կադրային լուրջ տեղաշարժեր կարող են լինել։

«Կարծում եմ՝տրամաբանական հարց կարող է ծագել, թե ինչու Պրիգոժինը չձերբակալվեց։ Կարծում եմ՝ Արևմուտքի «պլան-բ»-ի մեջ էր մտնում նաև, որ եթե ձախողում են, ապա Պրիգոժինի ձերբակալումից հետո ինքը դառնում է դրոշ, որն էլ  կօգտագործվի Պուտինի դեմ»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս