Ծաղկաձորյան մտորումներ մեռնող ծառի մասին
Քարջարդ մեքենաների աղմուկը լցրել է ձորը՝ խախտելով դարավոր, նահապետական անդորրը: Ծաղկաձորում և քաղաքի հարևանությամբ հարվածային տեմպերով կտրվում են ծառեր և դրանց տեղում ուրվագծվում ապագա բետոնապատ բազմահարկերի անճոռնի հատակագծերը: Ասում են, որ երկու հարյուր միլիոն դոլարի ներդրում է արվել Ծաղկաձորի շինարարության մեջ, և նման անակնկալ շինարարական ակտիվությունը պայմանավորված է սպասվելիք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմամբ:
Իհարկե, բարիդրացիությունը և առևտուրն ավելի լավ է, քան պատերազմը, հանդուրժող լինելը գերադասելի է թշնամանքից, բայց այդ կանոնը գործում է միայն այն դեպքում, երբ հանդուրժողականությունն ու խաղաղության ձգտումը փոխադարձ է: Եթե կողմերից մեկը խաղաղության քաղցրահունչ երգեր է հնչեցնում, իսկ մյուս կողմն այդ ընթացքում սրում է դաշույնը, շուտով խաղաղասերի երգը փոխարինվելու է մորթվողի ցավագար խռխռոցով:
Պատմության մեջ առաջին անգամը չէ, որ հայ ժողովուրդը հրաժարվում է առերեսվել իրականության հետ՝ առկա սպառնալիքին նախընտրելով քաղցրալուր սուտը: Գուցե ազգերը մարդկանց նման ունեն հոգնելու և հանձնվելու իրավունք: Ի վերջո, որքա՞ն կարելի է պայքարել ու մաքառել: Հարցրեք ու բազմաթիվ հայերից կլսեք, որ թուրքն էլ ազգ է, շատ ազգերից ավելի պատվախնդիր, որ թուրքերի մեջ էլ լավ տղերք կան, լավ երգեր ունեն մայրերի մասին և, որ թուրք կա՝ տասը հայ արժե: Առատաձեռն են, ծախսել գիտեն, հայ աղջիկների ու կանանց «ղադրը» գիտեն: Ի՞նչ վատ գործատուներ կլինեն, ի՞նչ վատ հարևան ու փեսա կլինեն: Այդքան տարի հաշտ ու համերաշխ ապրել ենք մի մեծ երկրում: Գրեթե հաշտ և որպես կանոն՝ համերաշխ: Պատահել են, իհարկե, տհաճ դիպվածներ, բայց ո՞ր ազգը չունի իր թերմացքը: Ազգերը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում…
Նայում եմ շինարարական եռուզեռին, քայլում եմ շինհրապարակի վերածված Ծաղկաձորի քարուքանդ, փոշոտ փողոցներով՝ դեպի Կեչառիսի հոյակերտ վանքը, և տագնապալի կանխազգացումը չի լքում ինձ: Ահա Գրիգոր Մագիստրոսի անունը կրող փողոցը: Բջնիի իշխան, որ թուրքական արշավանքների սպառնալիքի ներքո, զիջեց Բջնին Բյուզանդիային և բազում այլ հայ իշխանների նման կալվածք ստացավ Բյուզանդիայի Փոքր Ասիական հատվածում՝ կայսեր կողմից արժանանալով մագիստրոսի կոչմանը: Ահա թե ով է հերոս հայ ժողովրդի համար, ահա թե ում անունով է կոչում իր երկրի փողոցներն այս ծերացած ազգը:
Գուցե մեղադրելու չէ, այն ժամանակ բոլոր հայ իշխաններն էին այդպես վարվում, Գագիկ թագավորն ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսը ևս «խելամիտ ու հեռատես» գտնվեցին, ժամանակին կողմնորոշվեցին, փախան, իսկ անեցիները, Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ, թուրքին հաղթելուց հետո բացեցին քաղաքի դարպասներն արդեն հեռացող ոսոխի առջև, քանի որ անտեր էին, որբ ու լքված: Երբ պարտված զորքի հետ հեռացող Արփ Արսլանին հայտնեցին, թե Անին բացել է դարպասները, թուրք զորավարը չհավատաց, և որպես ապացույց՝ նրան բերեցին խոշոր սև աչքերով մի հայ տղայի (այն ժամանակ թուրքերը, պատմիչի վկայությամբ՝ շեղաչք էին ու երկարավարս): Անին, Կարսը, հիմա Շուշին: Հաջորդը Ծաղկաձո՞րն է, Սյունի՞քը, թե՞ ողջ Հայաստանը: Հայը հյուրասեր ու դռնբաց ժողովուրդ է, բացում է իր բոլոր դարպասներն իր բոլոր թշնամիների առաջ:
Պատերազմում պարտված առաջնորդին վերընտրելը ի՞նչ էր, եթե ոչ՝ հրաժարում պայքարից, դարպասների բացում այն հույսով, թե թշնամուն կզսպի «քաղաքակիրթ» աշխարհը, և պարսպի ու զենքի փոխարեն՝ անվտանգության լավագույն երաշխիքը կադաստրի հերթական «բարաթն» է: Ի՞նչ է սա, կարճատեսությո՞ւն, հիշողության կորո՞ւստ, թե՞ համազգային ստոկհոլմյան սինդրոմ:
Գուցե ազգերը ևս մարդու նման ծերանում են, թուլանում, ընկնում զառամախտի մեջ, և այն, ինչ դեռ երեկ ակնհայտ էր, այսօր թվում է կասկածելի, հաղթանակը դառնում է ծանր, անպետք բեռ, արժանապատվությունը՝ մոլորություն ու հորինվածք, հիշողությունը՝ տառապանքի աղբյուր, և ազգը դավաճանվող կնոջ նման խնդրում է իր ընտրյալին՝ խաբիր ինձ, ասա, որ սիրում ես, որ չես դավաճանում ու չես դավաճանի, չես լքի, ասա, որ կպաշտպանես ինձ:
Չմեղադրենք այս հին ժողովրդին, որ տանջված, ծեր մարդու պես տեսել է հազար դժբախտություն և այլևս չի ցանկանում պայքարել, պաշտպանել վերջին հողակտորը՝ նախընտրելով օր ծերության հաց ու պաշտպանություն մուրալ դրկից թշնամիներից: Գուցե օր ծերության մենք կորցրել ենք ստեղծելու, արտադրելու ու պաշտպանվելու կարողությունը, և մեզ է մնացել միայն լալը, մուրալն ու առուծախը: Անգլիացի հռչակավոր հետախույզ Լոուրենս Արաբացին «Այդ անտանելի հայերը» վերտառությամբ հարցազրույցում ամերիկյան լրագրողին ասում էր, որ հայերը ոչինչ չեն արտադրում, վաճառում ու վերավաճառում են ուրիշների ստեղծածը, իրենք չեն աշխատում և աշխատեցնում են բոլորին, որ եթե նրանց անկախություն տաս, նրանք ամեն բան կվաճառեն ու կվերավաճառեն և ոչինչ չեն ստեղծի, ուստի այս ազգը պետք է ոչնչացնել այլոց ձեռքերով: Նայելով անկախ Հայաստանի պատմությանը, մի՞թե չենք կարող փաստել, որ իր գնահատականներում նա գոնե մասամբ իրավացի էր, մի՞թե հայերը չվաճառեցին այն ամենը, ինչ կարող էին: Անկախություն ստանալով՝ տերմիտների նման հարձակվեցին հայոց պետականության կորացած, ծեր ծառի վրա, ներսից լափեցին, թալանեցին ամեն բան: Արտաքուստ թվում է՝ ծառը ողջ է ու կենսունակ, բայց ներսից տերմիտները լափել են ամեն բան՝ փամփուշտից մինչև տանկերի վառելանյութ, անտառներից մինչև երազանք ու հույս. ամեն բան թալանել են, ոչինչ չեն թողել գալիք սերունդներին: Եվ հայը նորից լքում է իր անիծյալ «երկիր դրախտավայրն» ու փնտրում է իրեն օտարների մեջ:
Հայերս սիրում ենք բոլորին ասել, որ հինավուրց ազգ ենք և երբ պետություն ունեինք, այսօր հայտնի ազգերից շատերը ծառերի վրա էին: Բայց հազարամյակներ անց այդ ազգերը ստեղծեցին հզոր պետություններ, իսկ մենք միայն հետընթաց ապրեցինք, և այսօր այդ երիտասարդ ազգերն արդեն մեզ են նայում՝ որպես վայրենիների: Նրանք «ծառերից իջան», իսկ մենք այդ ընթացքում միայն ծառ կտրել սովորեցինք:
Երևանի ամենաբարձր կետում կառուցված Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի այցելելիս ամեն անգամ տագնապով էի նայում բլրի ստորոտին տնկված ծառերին: Մտածում էի՝ արդյոք կհասցնե՞ն այս ծառերը ծաղկել, արդյոք հայի ագահությունը թույլ կտա՞, որ Երևանի գոնե այս հեռավոր անկյունում տնկված ծառն աճի ու բերք տա: Թույլ չտվեցին, էքսկավատորներով լխճեցին նորատունկ ծառերը և հիմա դրանց տեղում բետոնից շենքեր են կառուցում: Էկոլոգիական այս աղետի պայմաններում զարմանալի չէ, որ Հայաստանն աշխարհում առաջատար տեղեր է զբաղեցնում քաղցկեղի տարածման տեմպերով: Հայի ագահությունը կործանում է հային արդեն ոչ թե բարոյապես, այլ ֆիզիկապես:
Տեսնելով, թե ինչպես էքսկավատորներով ոչնչացրին Սուրբ Սարգիսի բերքատու ծառերը՝ հիշեցի իմ սիրելի քաղաքը՝ Բուդապեշտը, որտեղ կնոջս հետ շուրջ երկու տարի բնակվելու երջանկությունն ունեցանք: Քաղաքի կենտրոնում, որտեղ հողը շատ թանկ է, Դունայի աջ ափին գտնվող Գելերտի բլուրն է, որն ամբողջապես ծածկված է սաղարթախիտ անտառով: Հունգարները որոշել են, որ այդ անտառում գեթ մեկ ծառ չպիտի հատվի, որ քաղաքի բնակիչներն առանց Բուդապեշտից դուրս գալու՝ պիտի հնարավորություն ունենան այցելել անտառ: Երբ առաջին անգամ այցելեցինք Գելերտ, հարցրի կնոջս. «Պատկերացնո՞ւմ ես, ինչ կլիներ այս անտառի հետ, եթե Գելերտը մեկ տարով հանձնեին հայերին»: Տխուր ժպտաց ու ձեռքը թափ տվեց: Անկասկած հայերը կլցնեին այս բլուրը ռեստորաններով, ժամավճարով տրվող հյուրատներով, սրճարաններով: Գելերտի ամեն մետրը պիտի գերշահույթ բերեր հայերին և ամեն չկտրված ծառի վրա հարյուր հայ աչք էր ունենալու, ամեն ծառ դիտվելու էր՝ որպես թշնամի: Ընդամենը հազար տարի առաջ Ուրալի լեռներից Եվրոպա քոչած վայրի հունգարները, որ Եվրոպայի ահ ու սարսափն էին, քաղաքակրթվեցին և ինչպիսի հոգատարությամբ են այժմ վերաբերվում իրենց բնությանը, ու ինչպիսի վայրենությամբ ենք վերաբերվում մեր չքնաղ բնությանը «քաղաքակիրթ» սեպվող հայերս…
Հիշելով Բուդապեշտի չքնաղ անտառապատ Գելերտը, կանաչապատ, անտառուտ Մարգիտ կղզին, որտեղ սիրում էի հեծանիվ վարել մայրամուտին, տխուր վերադառնում եմ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տուն: Դարպասներին չհասած, ձախ կողմում այն հազարամյա կաղնին է, որ շաբաթներ առաջ ցանկացել էին կտրել հերթական բազմահարկ ապաշնորհ շենքի կառուցապատողները, հայոց բետոնի այդ նորօրյա ռահվիրաները: Ծաղկաձորի ստեղծագործական տան աշխատողները միջամտել էին, վեճի էին բռնվել, ասել էին՝ հազար տարվա ծառ է, գոնե սա խնայեք: Կառուցապատողները սպառնացել էին, թե՝ մի խառնվեք, գլուխներդ կջարդենք: Հարայ-հրոցով, քաշքշուկով ծառն առժամանակ փրկեցին, բայց հազարամյա կաղնին երեք կողմից շրջապատված է շինարարական աշխատանքներով և ասես օդային թերակղզու վրա գտնվի: Կաղնու մերկացած արմատները ծառի հիշողության թելերի պես գնում են անցյալի մութ խորքերը, հասնելով այն հողաշերտերին, երբ եկավ արաբը, թուրքը, եկավ մոնղոլ-թաթարը, Լենկ-Թեմուրը, եկան ու գնացին գարունների ու ձմեռների նման: Կաղնին փաստեց նրանց գալն ու գնալը, անկողմնակալ ու անկիրք, և ահա հայ չարչիի ջարդարար տեխնիկան հասավ հայոց կենաց ծառի արմատներին, և ծառը սարսռաց: Բոլոր ոսոխներին դիմացավ. արդյոք կդիմանա՞ անկուշտ հայ ջարդարարների հարվածներին…
Իսկապես, որտեղի՞ց այս ազգի մեջ նման արգահատելի վերաբերմունք ծառ ու ծաղկունքի նկատմամբ: Պեղումների արդյունքում պատմաբանները հանգել են այն եզրակացությանը, որ ուրարտացիները փոխել են հայոց լեռնաշխարհի բնապատկերը՝ հեռավոր երկրներից բերելով, տնկելով ու աճեցնելով միլիոնավոր ծառեր: Միայն Վան լճի շրջակայքում ուրարտացիները բերել, տնկել ու աճեցրել են ավելի քան երեք միլիոն ծառ: Եթե հայերն ու ուրարտացիները նույն ժողովուրդն են, այդ դեպքում ինչո՞ւ է այսօրվա հայն այսքան ատում ծառը, ինչո՞ւ է պատրաստ թթվածին արտադրող ամեն բան թաղել բետոնի հաստ շերտի տակ:
Գնելով սեփական տներ, հայերը հաճախ կտրում են մրգատու ծառերը և բետոն են լցնում բակում, ընտանիքի անդամների մեքենաների համար: Մեքենաների մեծ մասը վարելու համար է, բայց կա գոնե մեկ «առիթի մաշնա»: Չարի դեմ մաքառող վեհ ժողովրդից, հայը վերածվել է առիթի ազգի: Ապրիլի 24, մարտի 8, Նոր Տարի. ահա հայերին ապրեցնող ու եկամուտ բերող հիմնական առիթները: Առիթի մաշնա, հացի ընկեր, լավ ախպոր հարմար ախպեր. ամեն ինչ հաշվարկված է, հարմարավետ ու մտածված: Հյուրերի առաջ ճոխ սեղան են գցում և, բաժակաճառ ասելիս սիրում են կրկնել կովկասցիների ասույթը, թե իսկական տղամարդը պիտի արու զավակ ունենա, ծառ տնկի ու տուն կառուցի: Հյուրերին ճանապարհում են, կտրում են ուրիշի տնկած ծառը, տան վրա գրում են՝ «վաճառվում է», և իրենց արու զավակին փախցնում են բանակից ու երկրից: Ահա օրվա հայը:
Ի վերջո, անբուժելի հիվանդ ազգերը ևս մարդկանց նման ունեն էֆթանազիայի իրավունք: Գուցե հայ կոչվող այս ծերունին այլևս չի ցանկանում պայքարել հիվանդության դեմ, քաղցկեղով տառապող օրգանիզմի նման օտար մարմինը ընդունում է՝ որպես սեփականը, ձուլվում ու համակերպվում է նրա հետ, մինչև վերջին շունչը: Կռվելու փոխարեն՝ «բիթի» հայությունը նախընտրում է շենքեր կառուցել նոր տերերի, «հարուստ ու նամուսով» ազերի ու թուրք հարևանների համար, Գագիկ արքայի ու Գրիգոր Մագիստրոսի նման հուսալով, թե գոնե իրենց սերունդը կհասցնի ապրել ու վայելել իր դարը, իսկ գալիք սերունդները թող իրենք տեսնեն գլխի ճարը:
Ի վերջո, սեփական երկիրն այլոց տալը միշտ էլ շահավետ է եղել: Չմոռանանք, որ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի դավաճանության դիմաց՝ կայսրը հրամայեց ոսկուց գահ ձուլել Հայոց կաթողիկոսի համար և դնել այդ գահն իր կողքին, որպեսզի Հայոց հայրապետը հաց ուտի կայսեր սեղանից, կայսեր կողքին բազմած: Կերավ հայրապետը ու մեռավ, իսկ նրա գահից ձուլեցին ոսկե մետաղադրամներ: Արժե՞ր վայելել երկրային այդ կարճատև փառքը՝ հավիտենական անեծքի արժանանալու համար: Դատելով նրանից, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մեր ժողովուրդն այդ հարցին տալիս է դրական պատասխան՝ այո, արժե:
Իսկապես զարմանալի ժողովուրդ է հայ կոչվող այս տեսակը: Անկախության երեսուներկու տարիների ընթացքում այս պետության ներքաղաքական միակ օրակարգը եղել է տալը: Շնորհքով տվողների պայքար՝ անշնորհք տվողների դեմ: Ահա մեկ նախադասությամբ Հայոց Երրորդ անկախ պետության ողջ ներքաղաքական պատմությունը: Առաջին նախագահն ուզում էր շնորհքով, փաթեթային տալ, բայց նրան գահընկեց արեցին և եկան նրանք, ովքեր բանակցում էին անշնորհք, փուլային տալու շուրջ: Ի վերջո, իշխանության բերեցին ամենից անշնորհք տվողին, և նա, թեև ապաշնորհ կերպով, բայց գործը գլուխ բերեց: Վերջապես տվեցին, վերջապես ազատվեցին: Բայց պատերազմը կարծես չավարտվեց, կարծես միայն դադար է առել, և հողատու խաղաղասերները նորանոր տարածքներ են պատրաստվում զիջել կադաստրի բաղձալի «բարաթի» համար:
Այդ ե՞րբ է որևէ թուղթ փրկել պատերազմից: Հիշենք միայն վերջին հարյուրամյակի ամենից հայտնի պայմանագրերի ոտնահարումը: Մի՞թե Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբերլենը ֆաշիստական Գերմանիայից վերադառնալով՝ լրագրողների առջև չէր թափահարում Հիտլերի հետ կնքած պայմանագիրը: Մի՞թե Մոլոտովն ու Ռիբենտրոպը չկնքեցին խաղաղության դաշնագիր: Մի՞թե ներկայիս Սիրիան, Կիպրոսը կամ Ուկրաինան չունեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված «կադաստրի թուղթ ու բարաթով» սահմաններ: Արդյոք կադաստրի այդ բարաթը փրկե՞ց նրանց հարձակումից: Ուկրաինայի պարագան ավելի ողբերգական է, քանի որ Խորհրդային պետության փլուզումից հետո Բուդապեշտյան դաշնագրով ԱՄՆ-ը և Ռուսաստանն անվտանգության երաշխիքներ տվեցին Ուկրաինային՝ պայմանով, որ վերջինս հրաժարվի բոլոր միջուկային մարտագլխիկներից: Եթե ԱՄՆ-ի տված թղթե երաշխիքն առոչինչ է, էլ ի՞նչ է բարբաջում հայոց նորահայտ մոլոր մարգարեն (այդպես էին իսլամի հիմնադիր Մուհամմեդին անվանում մեր եկեղեցու հայրերը): Ի՞նչ երաշխիքներ, ի՞նչ բարաթ, ի՞նչ կադաստրի թուղթ: ԺԷԿ-ի պետի լեզվամտածողությամբ չենք կարող սեղան նստել աշխարհիս գիշատիչ տերությունների հետ՝ խաղաղության օրակարգի մասին մկկալով:
Վաղվա պատմաբաններն ուսումնասիրելու են Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը և զարմանալու են, թե ո՞ւր էին այն կուսակցությունները կամ քաղաքական գործիչները, ովքեր պնդել են, թե հայերն իրենցն են ազատագրել ու ոչինչ չպիտի տան և դեռ պիտի ազատագրեն մնացյալը, որ Գոլանի բարձունքները Սիրիայից զավթած Իսրայելի նման, հայերս որևէ բան վերադարձնելու շուրջ չենք բանակցելու և միայն ամրացնելու ենք մեր դիրքերը: Չէ՞ որ երեսուն տարում վեճի միակ նյութը եղել է փուլային կամ փաթեթային տալը:
Որքան զավեշտալի ու տխուր է հայի ու հրեայի համեմատությունը: Ինչո՞ւ հրեան երկու հազար տարի պետություն չունենալուց հետո կարողացավ վերատիրանալ իր պատմական երկրին, իսկ մենք հազարամյակներ այս տարածքում ապրելուց հետո դեռ տալիս ենք ու տալիս: Ինչպե՞ս նվաճողից, պահողից ու շենացնողից վերածվեցինք տվողի ու սաղացնողի: Ե՞րբ դա տեղի ունեցավ: Միանգամի՞ց եղավ այդ փոփոխությունը, թե՞ դարերի ընթացքում: Գուցե մի՞շտ է այդպես եղել, և գուցե Շուշին տվողների մեջ պիտի ճանաչենք Անին ու Կարսը հանձնողների սերունդների՞ն:
Ի վերջո, հայերիս կողմից այդքան մեծարվող Տիգրան Մեծը ևս օր ծերության տվեց այն ամենը, ինչ նվաճել էր (բացառությամբ Պարթևներից հետ ստացած յոթանասուն հովիտների), և դեռ ռազմատուգանք վճարեց Հռոմին: Ինչո՞ւ է հայ տեսակն այդքան ատում հաղթանակը, ինչո՞ւ է անտեր որբի նման թշնամուն հանձնում արյամբ նվաճած իր հաղթությունը: Հայը գիտե կռվել ու հաղթել, բայց հայը երբեք չի ամրագրում իր հաղթանակները, երբեք տեր չի կանգնում դրանց, մարտի դաշտում տարած հաղթանակը չի ամրագրում քաղաքական պայմանագրով: Ինչ-որ պահի հոգնում է, ձանձրանում է, շեղվում ու մոռանում է թե թշնամուն, թե իրեն, թե հաղթանակը և վերջին, ամենից կարևոր քայլն անելու գլխացավանքը թողնում է գալիք սերունդներին…
Տարօրինակ են հայերը: Այս ազգին շատ հեշտ է ատել ու համարել կործանված, բայց երբ թվում է, թե ամեն բան ավարտված է, հանկարծ արթնանում է, մի պահ սթափվում է թմբիրից, հաղթում է ոսոխին, որ նորից քուն մտնի ու կիսատ թողնի սկսածը, նորից որբ թողնի իր նորածին զավակին, իր հաղթանակը: Գուցե դեռ կարթնանա, գուցե մի անգամ էլ դուրս կգա Ագռավաքարից, որի մեջ փակվել է մանկան նման՝ անարդար աշխարհից նեղացած (էպիկական մասշտաբների ինչպիսի ամոթալի փախուստ), իսկ այժմ շինհրապարակի վերածված Ծաղկաձորի քանդած փողոցներով դեգերում են զբոսաշրջիկներն ու մոլոր նայում շուրջը, զարմանալով, թե ինչպես են հայերը ոչնչացնում իրենց չքնաղ բնությունը: Ամենուր հատված ծառեր, անտառապատ տարածքում գոյացած քառակուսի փոսեր, որոնցից վիշապի ժանիքների նման վեր են խոյանում մետաղյա ամրանները: Շտապում են, որ հասցնեն, որովհետև այլևս խաղաղության օրակարգ է, շուտով ընտրազանգվածին կհրամցվի հերթական կադաստրի բարաթը, և կվերադառնան հարուստ «տերերը», որոնք, թերևս, մեզանից ավելի խնամքով կվերաբերվեն այս հողին ու ջրին, որ համարում են իրենցը…
Ծաղկաձորից ոտքով բարձրանում եմ դեպի ճոպանուղի՝ դիտելով ճանապարհի մոտ ծավալված շինարարական եռուզեռը և շնչելով ծաղկաձորյան թարմ բետոնափոշին: Մոտենում եմ ճոպանուղուն, բայց այն այլևս մանկության զվարթ ու ջերմ հիշողությունները չի արթնացնում, քանի որ ճոպանուղուց ձախ տեղակայված անտառի մեջ հատել են ծառերը, երկու կամազի լայնությամբ հողածածկ ճամփա են բացել: Արդյոք ի՞նչ են կառուցելու անտառի մեջ, արդյոք ի՞նչ է մնալու այդ անտառից:
Ճոպանուղու տակ, հենց սկզբում, այժմ տեղակայված է վարազների բացօթյա ֆերման: Ցած նայող զբոսաշրջիկները մոլոր հայացքով զննում են մորթվելու և ռեստորաններին մատուցվելու համար բտվող վարազներին, վայելում թրիքի, լափի ու ցեխի գարշահոտը, և նրանց դեմքին ժպիտ չկա: Ի՞նչ են արդյոք մտածում մեր մասին: Արդյոք աշխարհի որևէ ծայրում նման բան տեսե՞լ են: Եթե ցածում էկոֆերմա լիներ, որտեղ ճոպանուղու այցելուների գնած տոմսերի գումարով պահում են կարմիր գրքում գրանցված ոչնչացող կենդանիների, նման ֆերման գուցե իմաստ ունենար, դրական զգացմունքներ առաջացներ, բայց ցածում ռեստորաններում մնացող սննդի ավելցուկով բտում են մորթվելու ենթակա վարազների, որպեսզի նրանց միսը մատուցեն նույն ռեստորաններին: Բնության շրջապտույտ հայկական մեկնաբանությամբ: Մի՞թե հնարավոր չէր քիչ հեռվում տեղակայել հայոց այդ դարակազմիկ խոզաֆերման: Գուցե խոզերի բուծման այդ ֆերման հիմնադրած հայազգի միլիարդատիրոջ հաշվարկն ու հույսն այն էր, որ զբոսաշրջիկները խոզերին համբուրգեր կգցեն վերևից՝ օգնելով նրանց բտման պատասխանատու գործընթացին:
Անկախությունից ավելի քան երեսուն տարի անց ժամանակն է հասկանալ, թե վերջապես ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել՝ երկիր դրախտավա՞յր, թե՞ օրուելյան անասնաֆերմա: Մի՞թե վարազների այդ ֆերման է հայ ազգի հազարամյակների ճանապարհի վերջնակետը, և մի՞թե հայ կոչվող տեսակը պատմության քառուղիներում վերջնականապես կորցրեց պայքարելու ու արարելու աստվածատուր շնորհը, փոխարինելով այն տալու ու սաղացնելու շահավետ փեշակով:
Ի վերջո, ի՞նչ է հայը, ո՞րն է նրա տեսակը, և ունի՞ արդյոք առաքելություն: Հային հասկանալու համար, պիտի նայենք նրա ակունքներին: Չհամակերպվելով Բելի բռնապետությանը, Հայկն իր զարմով լքեց Բաբելոնը և մարտի դաշտում սպանեց Բելին: Հայկազյան տոհմն իր սկիզբը դրեց բռնակալության դեմ պայքարով: Ավելի քան երկու հազարամյակ անց, Եդեսիայի հայոց Աբգար կուսակալը լսելով, որ Հերովդեսը ձերբակալել է Քրիստոսին, զորք հավաքեց, որպեսզի փրկի Նրան, բայց չհասցրեց: Նորից չարի ու անարդարության դեմ պայքարի վճռականություն: Հայը մի ժողովուրդ է, որը, ի տարբերություն այլ քրիստոնյա ազգերի, գրեթե չունի անզեն նահատակներ: Մեր բոլոր նահատակները (խոսքն այն նահատակների մասին է, որոնք սրբացվել են Հայ Առաքելական Եկեղեցու կողմից՝ նախքան Եղեռնի զոհերի սրբացումը) զինյալ են և ընկել են ռազմի դաշտում, թշնամուն սպանելով:
Ուրեմն Հայկ նահապետի ընտրությունից ի վեր հայ նշանակում է չարի դեմ պայքարող: Խոսքը ոչ միայն և ոչ այնքան հոգևոր, որքան հենց ֆիզիկական պայքարի մասին է: Հայը ազգ է, երբ կռվում է, երբ պայքարում է չարի ու անարդարության դեմ, և հիշողությունից զուրկ մորթվելու գնացող անպատիվ նախիր է, երբ հրաժարվում է պայքարից ու տրվում է պատմության քմահաճույքին: Լինել հայ՝ նշանակում է արդարություն հաստատել պայքարի բովում, այլ ոչ թե արդարություն մուրալ օտարներից՝ վայր դնելով զենքը: Չարչի ու առևտրական, ամեն բան վաճառող այս տեսակը, երբ ստիպված է պայքարել, կամ, երբ նախընտրում է պայքարը ստրկությանը, հանկարծ վերածվում է այն ազգին, որն աշխարհի բոլոր ազգերի միջից նախընտրեց Քրիստոս: Ուրեմն ի՞նչ է հայը հարցին պիտի պատասխանենք. «Հայը չարի ու անարդարության դեմ կռվողն է»: Չկա հայ տեսակ պայքարից դուրս: Հենց դա է այս ազգի զարմանալի գաղտնիքը, և հենց այդ պատճառով օտարները չեն կարողանում հասկանալ հային: Սպանդանոց գնացող անպատիվ նախիրը մեկ օրում կարող է վերածվել հերոսական ազգի, հաղթել անհուսալի կռվում ու նորից կորցնել հիշողությունն ու ընկնել զառամախտի մեջ…
Երբ Եդեսիայի Աբգար կուսակալը հավաքում էր հայոց զորքը Քրիստոսին ազատելու համար, Պիղատոսը հարցաքննում էր Տիրոջը, և Տերը նրան ասաց. «Եթե Իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, իմ հետևորդները կմարտնչեին արդեն, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ, բայց Իմ թագավորությունն այստեղից չէ» (Հովհ.18:36): Ամենագետ Տերն անշուշտ գիտեր, որ հայերը զորք են հավաքում Իրեն ազատելու համար, և գուցե հենց այդ պատճառով հայերիս տվեց աշխարհում քրիստոնեական առաջին պետությունը սեպվելու փառավոր տիտղոսը: Գուցե հայոց այս հողակտո՞րն է երկնային արքայության վերջին կղզյակը երկրի վրա՝ բոլորիս երազած Հայաստան երկիր դրախտավայրը: Չէ՞ որ մենք էինք միակ ազգը, որ պատրաստ էր կռվել ու ազատել Քրիստոսին հրեաների ձեռքից: Հայ ժողովուրդ, որքան հեշտ է քեզ ատելը և որքան բարդ է քեզ հասկանալը…
Մեր ողջ պատմությունը բաղկացած է դրվագներից, երբ թվում էր, թե ամեն բան կորած է, և հայ տեսակն այլևս սպառել է գոյատևման վերջին հնարավորությունը: Հայ ազգն ավելի ծանր օրեր է ապրել, քան ապրում է այսօր: Որքան էլ խորը լինի այս ծերացած ազգի զառամախտը, պետք չէ վհատվել, և դեռ կա հույս, քանի դեռ կանգուն է հազարամյա կաղնին, մեր կենաց ծառը, քանի դեռ հավերժ մեռնող ու հառնող այս ծերունին հոգով պատանի է, միամտորեն կարծում է, թե աշխարհը հնարավոր է բարեփոխել, թե աշխարհում արդարություն ու տառապանքի հատուցում կա: Զարմանալի ազգ, որ Բելին սպանելուց ավելի քան չորս հազար տարի անց դեռ հավատում է, թե առանց կռվի գոյություն ունի արդարության հաղթանակ:
Արդյոք ե՞րբ նորից կարթնանա, որքա՞ն կտևի նրա արթնությունը, կհիշի՞ իրեն հերթական, այս անգամ՝ գուցե վերջին մարտում: Բարձրանում եմ անտառի արահետով, և վիրավոր, հինավուրց անտառը խորհրդավոր սոսափյունով հուսադրում է ու սփոփում, թե՝ ամեն բան դեռ կորած չէ, հավատա ու համբերիր, մի տրտնջա, շշշշշշշ….
Մհեր Բեյլերյան