Բաժիններ՝

«Արարատ-73». հաղթանակից 50 տարի անց

Ուղիղ 50 տարի առաջ այս օրերին հայկական ֆուտբոլում գրվում էր պատմություն, որը սերունդների համար պետք է դառնար սեփական «ես»-ից առավելագույնը պահանջելու, ձգտելու, փոխելու, նոր բարձրունքներ գրավելու օրինակ:

50 տարի առաջ հենց այս օրերին Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը փոխում էր հայկական ֆուտբոլի ընթացքը` պատմության մեջ թողնելով ոսկե ազգանուններ` Լևոն Իշտոյան, Հովհաննես Զանազանյան, Արկադի Անդրիասյան, Սերգեյ Բոնդարենկո, Ալյոշա Աբրահամյան, Էդուարդ Մարկարով, Նիկոլայ Ղազարյան, Ալեքսանդր Կովալենկո, Նազար Պետրոսյան, Նորայր Մեսրոպյան, Սանասար Գևորգյան, Սերգեյ Պողոսյան, Արկադի Հարությունյան, Սուրեն Մարտիրոսյան, Արմեն Սարգսյան, Սամվել Պետրոսյան և այլոք: «Արարատ»-ի հաղթանակներում իր «չափաբաժինն» ունի երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը:

«Արմենպրես»-ի սպորտային բաժինը տասը տարի առաջ «Արարատ-73. 40 տարի անց» նախագծի շրջանակներում` ամիսներ շարունակ իր ընթերցողների բազմաբովանդակ հարցազրույցների միջոցով ներկայացրեց հայկական ֆուտբոլի ոսկե շրջանը` ֆուտբոլիստների հետ հարցազրույցների միջոցով: Ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցներից ամենատպավորիչ մեջբերումները:

Հովհաննես Զանազանյան

… Ամեն անգամ խաղից մեկ օր անց հավաքվում էինք բոլորս` մարզչական անձնակազմ, թիմակիցներ: Երկար քննարկումներից ու կարծիքներ լսելուց հետո բոլորս էինք հասկանում մեր սխալները եւ ճիշտ օգտագործած պահերը: Չէ, իրարից նեղանալ ու խռովել չկար: Իսկ ես, թիմի ավագ լինելով, հստակ գիտակցում էի, որ պետք է լավ օրինակ լինել տղաների համար: Ավագի պարտականությունը նաեւ շատ պարտավորեցնող է … Հիմա, երբ տարիների հեռվից համեմատում ենք «դինամոյականների» հետ հանդիպումը, նրանց երկիրը եւ մեզ` մեր փոքրիկ հայրենիքով, ավելի ենք հասկանում ու գնահատում մեր հաղթանակի իսկական արժեքը…

Լևոն Իշտոյան

… Հերոսանալու համար պետք է սխրանք գործես: Սպորտում սխրանքը չեմպիոն դառնալն է: Ուզում ես, որ քեզ հիշեն՝ չեմպիոն դարձիր… Երբ վերադարձանք Երեւան, այն ինչ տեսանք՝ հասկացանք, որ հաղթող ենք, եւ այդպիսի ընդունելությունը մեր հաղթանակի շարունակությունն էր: Օդանավակայանից մինչեւ Երեւան փողոցներում սեղաններ էին դրված: Ամբողջ Հայաստանը եկել էր մեզ դիմավորելու…

Էդուարդ Մարկարով

… Անկեղծ ասած` այսօր ես անգամ չեմ հիշում, թե ինչ եմ կերել երեկ երեկոյան, բայց հիշում եմ հաղթական այդ օրերը: Անմոռանալի են այդ պահերը. երբ գիտես, որ 70 հազար երկրպագու հետևում է քո խաղին, ավելի համարձակ ես դառնում: Անցած 40 տարիներն ինձ համար ակնթարթի նման են անցել: Նայում եմ հետ եւ…. Այն 20 տարեկան տղաների հաղթանակից անցել է 40 տարի… Իսկ ինչպե՞ս…

Արկադի Անդրիասյան

… Հիշողություններս մինչեւ հիմա էլ վառ ու թարմ են`նախորդ օրվա դիպվածի նման: Շատ մեծ բան է , որ 70-ականների «Արարատ»-ին ժողովուրդը մինչև այժմ հիշում է, ու կարծում եմ` երբեք էլ չի մոռանալու: Նույնիսկ 20- 30 տարեկանները, որ դեռ չէին ծնվել, ականատեսի հպարտությամբ են խոսում: Ուրախ եմ, որ այդ ուրախությունը պարգևողներից մեկն էլ ես եմ եղել…

Նիկոլայ Ղազարյան

… Շատ համերաշխ թիմ էինք, մենք բոլորս շատ «անուշ» կոլեկտիվ էինք, գիտեինք, որ բոլորս մի գործ ենք անում, որպես անհատ չէինք մոտենում… Մենք կարող էինք գնդակը մեզ մոտ պահել մինչեւ 20 րոպե: Այդ ամենը ցույց է տալիս մեր յուրօրինակ հատկությունը, մեր վարպետությունը… Մեզ ասում էին «սա աստղերի թիմ է, սա աստղային թիմ է»…

Ալյոշա Աբրահամյան

… «Արարատ 73»-ի պես թիմ էլ չի լինի, հենց այդպիսի «Արարատ» չի լինի, որը 70-ական թվականներին հասավ մեծ բարձունքների, որպիսին կար ԽՍՀՄ ֆուտբոլի ժամանակներում: Բոլորը կարծես հատուկ ընտրված լինեին, և քանի որ երկար ժամանակ միասին խաղում էինք, ուրեմն արդյունքի հասնելու պահը եկել էր… «Արարատ» ասելիս, երիտասարդությունս եմ հիշում…

Սերգեյ Բոնդարենկո

… Մինչև այդ փառահեղ թվականը, մենք հինգ տարում «Արարատ»-ի բոլոր տարիների պարտության «պարտքերը մարեցինք»: Մենք հաղթարշավ էինք անցկացնում մոսկովյան ակումբների նկատմամբ: Մոտ 3 տարի մենք Մոսկվայի չեմպիոնն էինք: Անկեղծ ասեմ, մոսկվացիները մարզադաշտում մեզ էին երկրպագում…

Արմեն Սարգսյան

… Անկեղծ ասած՝ գավաթի խաղից հետո անձամբ ես դեռ չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Խաղավարտից րոպեներ առաջ, երբ շատ ֆուտբոլասերներ արդեն հեռանում էին ստադիոնից, հանկարծ այդ հարյուր հազարանոց «Լուժնիկի»-ն որոտաց ուրախությունից: Իշտոյանի խփած գոլը նրանց հետ բերեց: Նրանք, իհարկե, խփած գոլը չտեսան, բայց մեր հաղթանակը տեսան: Մենք 1975-ին էլ ԽՍՀՄ գավաթը նվաճեցինք, բայց ուրիշ էր 1973-ը…

Սերգեյ Պողոսյան

… Ամբողջ մրցաշրջանի խաղերը լավ չեմ հիշում, բայց 1973 թվականն ինձ համար թանկ է ու անմոռանալի, քանի որ հենց այդ տարի մենք հասանք մեր նպատակին: Իրոք, ամեն ինչ հեշտ չտրվեց: Եվ այս ամենի մեջ առանձնանում է Կիեւի «Դինամո»-ի հետ հանդիպումները: Դինամոյականներին նույնիսկ անվանում էին «թիմ-մեքենա»: Անկեղծ ասած՝ հիշելով և՛ ուրախանում եմ, և՛ տխրում: Երբ անցան այսքան տարիները, շատ շուտ անցան…

Նորիկ Մեսրոպյան

… 1973-ը միշտ հիշում եմ, որովհետեւ գավաթի եզրափակիչ խաղում իմ պատճառով նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարվածը: Դա նույնիսկ ֆուտբոլասերները չեն մոռացել, մինչեւ հիմա, երբ փողոցում տեսնում են, ասում են. «Հա, Արարատից Նորիկը, էն որ «պենալ» սարքեց»: Ես էլ եմ դա մինչեւ հիմա հիշում, նրանք էլ են հիշում: Ցավում եմ, բայց նրանք չեն հիշում, թե քանի անգամ է Մեսրոպյան Նորիկը թիմը գոլից փրկել: Ավելացնեմ, որ դրանից հետո ոչ Սիմոնյանը, ոչ էլ տղաները մի բառ անգամ չասացին, գիտեմ իրենք էլ չէին մոռանում, բայց ինձ ոչինչ չասացին…

Սուրեն Մարտիրոսյան

…Կարծում եմ՝ կարեւորը ոչ թե մեր, այլ ժողովրդի հիշողությունն է: Հաճախ պատահում է, որ մեր տարիքի մարդիկ կամ մեզնից փոքրերը տեսնում են մեզ փողոցում, մոտենում են, հիշում, ուրախանում այդ օրերով: Հենց մեր ժողովուրդը չի մոռանում: Այսքան տարի է անցել, բայց դեռ հիշում է ու հպարտանում: Ու երբ հիշում են, մենք մի տեսակ ջահելանում ենք, դառնում այդ ժամանակների երիտասարդները: Կարծում եմ` այն դեռ երկար կհիշվի…

Նիկտա Սիմոնյան

… Մեր տղաները, ես էլ նրանց հետ՝ ուրախություն պարգեւեցինք մեր ազգին: Հիշողություններ եղել են, կան ու միշտ էլ լինելու են: Եթե չեմ սխալվում, ավելի քան 23 տարի ես խաղացել եւ մարզել եմ Մոսկվայի «Սպարտակ»-ը, ու քանի որ ես այժմ բնակվում եմ Մոսկվայում, «Սպարտակ»-ն ինձ համար հարազատ ակումբ է: «Արարատ»-ը նույնպես հարազատ է, քանի որ դա իմ հայրենիքն է, իմ ժողովուրդն է: Ափսոս, որ հայրս, ով ցավոք մահացել էր արդեն, չտեսավ այդ հաղթանակը, չտեսավ, թե ինչ արվեց հայ ժողովրդի համար…

«Արարատ-73»-ի հետահայացը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս