«Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում». Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում, հունիսի 27-ին Ադրբեջանի Զու ներկայացուցիչները հրետանային և անօդաչու ավիացիայից հարվածներ են հասցրել Պաշտպանության բանակի Մարտունու և Մարտակերտի դիրքերին, որի հետևանքով ՊԲ 4 զինծառայող է զոհվել։
«Այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր տեղեկատվական գրոհներով, թե իբր ԼՂ Պաշտպանության բանակը շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանական հրապարակումների մտացածին լինելը ԼՂ իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում։ Այսինքն՝ ըստ էության, այն քաղաքականությունը, որի վերաբերյալ մենք երկար ժամանակ ահազանգում ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, Ադրբեջանի այդ գործողությունները հենց այդպես, տեսանելիորեն է ընկալվում միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևն էր։ Ապա մեջբերեց բանաձևի 15-րդ կետից մի հատված առ այն, որ ԵԽԽՎ-ն անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ սպառնալից հռետորաբանությունից և Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել նման հռետորաբանությունից։
«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի նկատմամբ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով և ՀՀ ԱԳ նախարարությունը հետևողական կլինի ԵԽԽՎ Գործադիր մարմնի օրակարգում պահելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում