ԲԴԽ-ն քննում է 4 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը` ՈւՂԻՂ

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությամբ 4 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը:

Արդարադատության նախարարը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել ոչ միայն Սամվել Թադևոսյանին, ում լիազորությունները դադարեցվել են սեփական դիմումի համաձայն, այլ նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար։ Այժմ Կարեն Անդրեասյանի թիրախում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանն են, որոնց պաշտոնից հեռացնելու գործին լծվել են դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։ Նկատենք, որ ՄԻԵԴ վճռի հրապարակումից շուրջ չորս տարի, իսկ բուն գործից՝ 15 տարի անց է ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել կարգապահական վարույթ հարուցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, այժմ՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ և միջնորդություն ներկայացրել ԲԴԽ։

Այսօրվա նիստի սկզբում Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ադիլխանյանն ինքնաբացարկ հայտնեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ համատեղ տնտեսական շահեր ունենալու հիմքով:

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաև Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ վկայակոչելով երեկ հրապարակված տեսանյութը, որում Երևանի սրճարաններից մեկում Գրիգոր Մինասյանը, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինչ-որ հարց են քննարկում:

Կարդացեք նաև

Խորհուրդը մերժեց Կարեն Անդրեասյանին ներկայացված բացարկի միջնորդությունը:

Նիստն ընթանում է նույն կանխատեսելի սցենարով. Բավարարվում են՝ նախարարության, ու մերժվում՝ դատավորների ու նրանց ներկայացուցիչների միջնորդությունները:

Դատավոր Տիգրան Պետրոսյանի ու արդարադատության նախարարության ներկայացուցչի միջև վեճ բռնկվեց, երբ վերջինս հրաժարվեց պատասխանել դատավորի հարցերին:

Սիրանուշ Սահակյանին Կարեն Անդրեասյանը հայտարարեց նկատողություն. Նրան սպառնացին սանկցիայով:

Այնուհետև նիստն ընդմիջվեց, որից հետո շարունակվեց միջնորդության քննությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս