Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի փակ հանդիպումը. հանդիպման վայր են գալիս առանձին-առանձին, հեռանում՝ հերթով. Ֆեյսբուքյան օգտատեր

Քիչ առաջ 168.am-ը «Մոնտե Քրիստո» անունը կրող կեղծ օգտատիրոջ կողմից ստացել է մի հրապարակման հղում:

Հղումը, ի դեպ, բաց է, և ցանկացած ոք կարող է ծանոթանալ դրա բովանդակությանը: Հրապարակումն ուղեկցվում է տեսանյութով և լուսանկարներով:

Տեսանյութը վերաբերում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ու այդ վարույթները քննող Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի, ըստ հրապարակման, հունիսի 23-ին երևանյան սրճարաններից մեկում տեղի ունեցած հանդիպմանը:

Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց փոփոխության:

Կարդացեք նաև

«ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Սիրելի հայրենակիցներ, նախ և առաջ՝ ցանկանում եմ նշել, որ ես դիտավորյալ եմ քողարկված հանդես գալիս, քանի որ տեղյակ եմ Հայաստանում արդարադատության համար պայքարողների հանդեպ բռնաճնշումների մասին, ընդհուպ՝ մինչև փաստաբաններին ծեծի ենթարկելը: Նյութերը, որոնք հրապարակում եմ, ինձ տրամադրել է մի մարդ, ով նշված պատճառներով որոշել է գաղտնի մնալ:

Այսպես, Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ նշանակվելուց ի վեր մամուլում պարբերաբար խոսվում է ՀՀ արդարադատության նախարար (մինչ այդ՝ նախարարի տեղակալ, նախարարի պաշտոնակատար) Գրիգոր Մինասյանի հետ նրա ընկերական և բիզնես կապերի մասին, նշվում է, որ դա հիմք է, որպեսզի Գրիգոր Մինասյանի կողմից ԲԴԽ ներկայացված դատավորների կարգապահական վարույթների գործերով Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնի: Այդպիսի գրեթե բոլոր գործերով դատավորներն այդ միջնորդությունները ներկայացրել են, սակայն ԲԴԽ-ն առանց բացառության բոլոր միջնորդությունները մերժել է: Ի թիվս նշված հանգամանքների՝ Կարեն Անդրեասյանին՝ որպես դատավորի, արգելված է հանդիպել Գրիգոր Մինասյանին՝ որպես վարույթի կողմի, այն կարգապահական վարույթների քննության ընթացքում, որոնցով ԲԴԽ-ին միջնորդություն ներկայացնողն արդարադատության նախարարն է: Սակայն պարզվում է, որ այս օրերին, երբ ԲԴԽ-ում քննվում է նման երկու վարույթ, այդպիսի հանդիպումներ, նրանք, այնուամենայնիվ, գաղտագողի անցկացնում են:

Այդ հանդիպումները տեղի են ունենում ԲԴԽ շենքից ոչ շատ հեռու՝ Իսահակյան 24/1 հասցեում գտնվող «Rosemary» սրճարանում, որը տեղակայված է Գրիգոր Մինասյանի բնակության շենքի հարևանությամբ և, մեր տեղեկություններով, պատկանում է հենց Մինասյանին:

 

Հանդիպումները, որպես կանոն, տեղի են ունենում հետևյալ կերպ:

Անդրեասյանն ու Մինասյանը հանդիպման վայր են գալիս առանձին-առանձին՝ մի քանի րոպեի տարբերությամբ, հանդիպումն անցկացնում են փակ սրահում, որից հետո դարձյալ մի քանի րոպեի տարբերությամբ լքում են տարածքը: Ակնհայտ է, որ նրանք լավ գիտակցում են, որ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում իրավունք չունեն թույլ տալու նման հանդիպումներ, ուստի ամեն ինչ անում են, որ իրենց հանդիպումները մարդկանց աչքերից հեռու լինեն:

Բնականաբար, իրենց գաղտնի հանդիպումների մասին նրանք չեն տեղեկացնում նաև իրենց «պասերով» պատժվող դատավորներին:

Հունիսի 23-ին՝ ժամը 12:50-13:40-ի ժամանակահատվածում կայացած նրանց հանդիպումից հրապարակում եմ մեկ լուսանկար, որից երևում է, որ նրանք նստած են միևնույն սեղանի շուրջ:

Չեմ կարծում, որ նրանք հանդիպում են միմյանց դեմքերով հիանալու համար: Հրապարակում եմ նաև երկու տեսանյութ, որոնցից մեծի ամենասկզբում տարածքից դուրս է գալիս Գրիգոր Մինասյանը, դրանից 3-4 րոպե անց՝ Կարեն Անդրեասյանը, իսկ այդ ժամանակահատվածի գրեթե մեջտեղում՝ նաև ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը:

Ամենաամոթալին այն է, որ այս ամենից հետո Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը շարունակում են հանդգնաբար պնդել, որ իրենց ընկերական և բիզնես հարաբերությունները չեն ազդում դատավորների կարգապահական վարույթների վրա: Միգուցե այս հրապարակումից հետո նրանք բացատրեն, թե ինչ են քննարկում իրենց գաղտնի հանդիպումների ժամանակ: Այս հրապարակման ճշմարտացիությունը կարելի է ստուգել սրճարանի տեսախցիկներով կամ մատուցողներին հարցուփորձ անելով, եթե, իհարկե, սրանից հետո նրանք այդ նյութերն անհապաղ չոչնչացնեն կամ մատուցողներին մեկ օրում աշխատանքից չազատեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Լրահոս