Քանի Օնիկ Գասպարյանը չի արձագանքում Փաշինյանին, ուրեմն կիսում է նրա դիրքորոշումը. Տիգրան Աբրահամյան
«ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը, բացի նրանից, որ համեմված էր բազմաթիվ իրավիճակային խեղաթյուրումներով և անհիմն որակումներով՝ ուղղված անձանց, որոնց հետ կապված կան քրեական գործեր, բայց չկան դատավճիռներ, այսօրվա հայտարարությունները նաև ուղղորդիչ էին դատաիրավական համակարգի համար: Ըստ էության, նախանշվում են վեկտորները, մեղավորության աստիճանը և կոնկրետ անձինք, ում համար նախատեսված է կոնկրետ մեղավորություն և մեղավորության չափ»,- Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա դժվարացավ ասել, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ինչ է խոսելու քննիչ հանձնաժողովի նիստին, բայց ըստ նրա՝ որևէ նոր բան չի լինելու. «Եթե այսօր էլ ուշադրություն դարձնեիք ներկայացվող «փաստերին», ապա դրանք տարբեր ձևակերպումներով արդեն իսկ շրջանառված էին, մեծ առումով՝ որևէ նոր բան չկար: Նիկոլ Փաշինյանին այլևս պետք է հարց տան ոչ թե պատգամավորները, քաղաքացիները, այլ՝ դատարանում դատախազները, քննիչները, դատավորները»:
Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները սկսեցին հաճախակի հղում անել Օնիկ Գասպարյանին, նա պատասխանեց. «Քանի Օնիկ Գասպարյանը չի արձագանքում, նշանակում է, որ իրականում փաստացի կիսում է այդ թեմայով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ինչը լավ բանի մասին չի խոսում: Ես կարծում եմ, որ զինվորականները, եթե իրականում այս ծանր հանցագործությունը չեն կիսել Նիկոլ Փաշինյանի հետ, պետք է խոսեն: Իսկ եթե մինչև այս պահը չեն խոսել, և նրանց հայտարարություններն այլ անձինք են ներկայացնում, դրա մասին արդեն Օնիկ Գասպարյանը կմտածի»: