«Հիմա Օնիկ Գասպարյանը, Արտակ Դավթյանը և մյուսները կա՛մ պետք է խոսեն, կա՛մ ուտեն իրենց ուսադիրները, երրորդ տարբերակ չկա». Նաիրա Զոհրաբյանը

«Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ վերջապես գտնվեց Հայաստանի և Արցախի միակ անմեղ մարդը, որը ոչ մի բանի համար պատասխանատու չէ և որը որևէ բանում մեղավոր չէ. այդ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է: Այս երկսերիանոց մոնոներկայացումը  հետապնդում էր մեկ նպատակ՝ 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը գցել բոլորի գրպանը, սկսած՝ զինվորականներից, վերջացրած՝ նախկին երեք նախագահներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանը փորձեց պատմական, քաղաքական և իրավական պատասխանատվությունից մաքրել սեփական անձը: Ասեմ, որ շոուն չստացվեց, որովհետև հիմա եթե փորձեմ միայն իր նախկինում արած հայտարարությունների և այսօր ու մոնոներկայացման առաջին սերիայում ԱԺ-ում հնչեցրած իր հայտարարությունների հակասությունները հանել, մի ամբողջ նոր սերիալ պետք է նկարահանվի դրա համար: Մարդը ասում է՝ ես պատահաբար եմ դարձել գերագույն գլխավոր հրամանատար, ոչ մի բան չեմ հասկացել, ինչ ասել են՝ արել եմ, մեդա՞լ եք ուզել՝ մեդալ էլ եմ բաժանել: Ես ամաչում էի այդ կարգի մեկնաբանություններ լսել»,- շեշտեց նա:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև Օնիկ Գասպարյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարություններին:

«ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ հիմա կալանավորված է, առաջարկում էր իրեն և Նիկոլ Փաշինյանին հրավիրել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած քննիչ հանձնաժողով, ապահովել ուղիղ եթեր, և ինքը պատրաստ է բոլոր այդ հարցերին հրապարակային պատասխանել: Այսօր դրբի տակ ընկավ նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ֆավորիտ Սամվել Բաբայանը. Փաշինյանն ասաց, որ «Լելե Թեփե» տապալված օպերացիան, որի ընթացքում հսկայական մարդկային կորուստներ ենք ունեցել, եղել է Սամվել Բաբայանի նախաձեռնությունը, որի դաբրոն տվել է Օնիկ Գասպարյանը, և իրենց տերմինաբանությամբ՝ Ջալալ Հարությունյանի աչքն էլ կերել է, այսինքն՝ որ այո, կարող ենք այդ բարձունքը վերադարձնել: Հիմա Օնիկ Գասպարյանը, Արտակ Դավթյանը և մյուսները կա՛մ պետք է խոսեն, կա՛մ ուտեն իրենց ուսադիրները, երրորդ տարբերակ չկա»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս