Չեմ իմացել՝ որտեղ է, ու չեմ հետաքրքրվել. Նիկոլ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Աշոտիկի մասին
«Ես անկեղծ պիտի ասեմ, չնայած չգիտեմ՝ ով ինչքանով կհավատա, իմանալով, որ որդիս, որպես կամավոր, այդ թվում և՝ իմ կոչով, զինվորագրվել է, չեմ իմացել՝ ինքը որտեղ է, ու չեմ հետաքրքրվել: Ու դրա համար ունեցել եմ մի պատճառ: Որովհետև ես մտածել եմ, որ եթե հիմա ես հետաքրքրվեմ՝ իմ որդին որտեղ է, էդ նշանակում է՝ մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում: Ու ես գաղափար չեմ ունեցել՝ ինքը որտեղ է: Ինձ չի հետաքրքրել նույնիսկ, որ կարող է՝ իրեն տարել են, թիկունքային մի տեղ են պահում, առաջնագիծ է, վտանգավոր է, վտանգավոր չէ… Ես ինքս ինձ՝ որպես ՀՀ վարչապետ, որպես քաղաքացի, արգելել եմ որևէ ձևով հետաքրքրվել, թե իմ որդին որտեղ է, օրն ավարտվեց՝ ի՞նչ է տեղի ունենում»,- Քննիչ հանձնաժողովի այսօրվա հրապարակային նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատերազմին որդու՝ Աշոտի մասնակցությանը, ըստ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ նրա բարձր ռիսկային գոտում գտնվելուն:
Նրա խոսքով՝ թե որտեղ է իր որդին, ինքն իմացել է այլ տեղից:
«Առաջին անգամ հետաքրքրվել եմ նոյեմբերի 9-ից հետո: Արդեն ինքը վերադարձել էր, տանն էր: Պատերազմից հետո անհետ կորած զինվորների, զոհվածների հարազատների հետ հանդիպումներին հարց ծագեց, մամուլում էլ գրվեց՝ բա ձևական Ձեր որդին որտե՞ղ է գնացել, ի՞նչ է եղել: Նույնիսկ հարցեր էին տրվում, թե՝ բա ոնց որ նա վերադարձավ, մյուսները չվերադարձան, և այլն… Ես դրանից հետո էդ օրը գնացել եմ տուն, առաջին անգամ եմ հետաքրքրվել, թե ինքը որտեղ է եղել: Եվ էդ ժամանակ եմ իմացել, որ ինքը հետախուզական խմբի մեջ էր: Իրեն առաջադրանք է տրված եղել առաջնագծում, և ինքը փոքր խմբով, լինելով, կարծեմ, ջոկի հրամանատար, հրետակոծության տակ է ընկել, և իր ծառայակիցը, որի հետ կամ խրամատում, կամ ուղղակի գետնին պառկած են եղել, մարմիններով իրար հպված, զոհվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս ասաց, որ մոռացել է, բայց որքան հիշում է՝ կամ Աշոտի ծառայակից զինվորի գլուխն է դրված եղել որդու ուսին, կամ հակառակը, Աշոտինը՝ նրա մարմնի վրա:
«Ազգանունը գիտեմ, բայց չեմ կարծում՝ պատեհ է բարձրաձայնել: Բեկորային այդ հրետակոծությունից զոհվել է: Ես դրա համար իմ վերջին ասուլիսում ձեզ հայտնի հանգամանքների բերումով հարց տվեցի, ասացի՝ լավ, սնայպերը լիներ, կասեի՝ տեսական թեզ կարող է լինել, որ սնայպերը ճանաչել է, ընտրել՝ ում խփի… Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ բեկորը որոշել է, որ իմ որդին պետք է չզոհվի, մյուս զինվորը պետք է զոհվի՞: Էդ գնդից, որտեղ որդիս ծառայել է, 21 անձ զոհվել է պատերազմական գործողությունների ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքի ավարտից հետո շողոքորթության մաստեր կլաս ցուցադրեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:
«Ես հետաքրքրվել եմ Ձեր որդու գտնվելու վայրով, բայց նա ամեն ինչ արել է, որ ես իր տեղը չիմանամ»,- ասաց նա:
Արդյոք որևէ մեկը հավատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի այս խոսքերին. 168.am-ը բազմիցս անդրադարձել է Աշոտ Փաշինյանի և Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի՝ 44-օրյա պատերազմի օրերի ավանտյուրաներին, բեմականացված ֆոտո-վիդեոնյութերին, գրառումներին և հայտարարություններին, որոնց օգնությամբ բացահայտվում է բոլորովին այլ իրականություն:
Մանրամասները՝ տեսանյութում: