ՆԱՏՕ-ն ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձությունները համարում է երկրի ներքին գործը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ռուսաստանում օրերս տեղի ունեցած իրադարձությունները համարում է երկրի ներքին գործը և հետևում է իրավիճակին։ Այս մասին Վիլնյուսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք հետևում ենք Ռուսաստանում տիրող իրավիճակին: Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, և հերթական անգամ վկայում են Ղրիմի անօրինական բռնակցման և Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում նախագահ Պուտինի ռազմավարական մեծ սխալի մասին», – ասել է նա։

Գլխավոր քարտուղարը նաև դատապարտել է ՌԴ-ի հայտարարությունները Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին՝ դա անվանելով «անխոհեմ և անպատասխանատու»: Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն չի տեսնում որևէ վկայություն, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել: Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն, ամեն դեպքում, զգոն է:

Հունիսի 23-ի երեկոյան Պրիգոժինը մեղադրեց ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրեց առաջխաղացումը և զորքերը վերադարձրեց տեղակայման վայրեր։

Տեսանյութեր

Լրահոս