Մեր պայքարը չի ավարտվել. մինչև մահ պնդելու եմ՝ այս իշխանությունները դավաճան են. Գարիկ Գալեյան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու, այնուհետև՝ դատարանի վճռով 4 տարի պայմանական ազատազրկման դատապարտելուց, ապա՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո, հանրության մեջ խոսակցություն շրջանառվեց, որ զոհված զինծառայողների ծնողները դրանից հետո հետ են կանգնել իրենց պայքարից և այլևս չեն պնդելու, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության ենթարկվի, քանի որ այդ զոհերի պատճառը հենց Փաշինյանն է՝ իր թիմով։
168.am-ի հետ զրույցում այս խոսակցությունների վերաբերյալ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ասաց՝ անհնարին է, որ որդեկորույս ծնողների նպատակները փոխվեն։
«Անձամբ իմ համար կարող եմ ասել, որ որևէ նպատակ ու պահանջ չի փոխվել։ Ես նույն համոզմունքին եմ, որ այդ դավաճանն է մեր երեխաներին սպանել։ Համոզված եմ, որ մեր պայքարող ծնողների համար չի կարող խոչընդոտ լինել տիկին Գայանե Հակոբյանի միջադեպը, որովհետև այդ ամենը Գայանեի որոշումն է եղել։ Կրկնում եմ՝ ամեն ինչ տիկին Գայանեի որոշումն է եղել, իսկ մեկ հոգու որոշումը մեզ վրա չի կարող ազդել, ես ինքս ունեմ իմ գաղափարը, մտածելակերպն ու դիրքորոշումը՝ մինչև մահ պնդելու եմ, որ այս իշխանությունները դավաճան են ու իրականացրել են մի արարք, որի մասին բոլորս տեղյակ ենք։ Նախորդ տարի ԱԺ ամբիոնից Նիկոլն է հայտարարել, որ պատերազմում կարող էինք ունենալ նույն արդյունքը, սակայն չունենայինք զոհեր»,-նշեց Գարիկ Գալեյանը։
Ըստ նրա, ինքն անձամբ և իր ընտանիքը շարունակելու են իրենց պայքարը՝ ճշմարտությունը վեր հանելու ու մեղավորներին պատժելու համար։
«Ես բազմիցս ասել եմ, սատանան էլ դուրս գա այս տականքների դեմ պայքարի, ես կմիանամ սատանային, կկանգնեմ կողքին ու իմ պայքարը կշարունակեմ։ Հետևաբար, մեկընդմիշտ պետք է բոլորը հիշեն՝ նահանջ չկա իմ պայքարից։ Ինձ ճանաչողները գիտեն, թե որքան ազնիվ եմ։ Գուցե շատերի մոտ այդ պայքարը դադարել է, բայց նրանք իրենց կարծիքն ունեն»,-շեշտեց Գարիկ Գալեյանը։
Գարիկ Գալեյանն ասաց նաև, որ «Որդիների կանչ» հ/կ անդամները ժողով են հրավիրել և հայտարարել, որ Գայանե Հակոբյանի որևէ գործողությունից տեղյակ չեն եղել, կառույցի անդամներն էլ բացարձակապես կապ չեն ունեցել տիկին Գայանեի գործողությունների հետ։
«Իսկ այն քաղաքացիները, որոնք այդ օրերին կանգնած են եղել մեր կողքին, կգա ժամանակը, կասեմ՝ շնորհակալ եմ, որովհետև այդ քաղաքացիները պետք է հասկանան, որ դա Գայանեի որոշումն է եղել, և նա է որոշել՝ ինչ անի։ Եթե Գայանեն ընդունելէ իր մեղքը, մենք ի՞նչ կարող ենք ասել։ Ես շարունակում եմ մնալ այն դիրքորոշման, որ պետք չէր մեղքն ընդունել, քանի որ ինքը մեղավոր չէր, բայց դա Գայանեի դիրքորոշումն է։ Իհարկե, պայքարի դուրս գալուց գիտակցել եմ, որ խնդիրներ ու խոչընդոտներ լինելու են, բայց այս տիպի չեմ պատկերացրել»,-եզրափակեց Գարիկ Գալեյանը։
Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման մեջ։
Ըստ դատարանի որոշման՝ նա մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով… «Վերջնական ազատազրկում թողնել 3 տարի 11 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան մեկ տարի ժամկետով: Ազգուշ Մարտիրոսյանի(Գայանե Հակոբյանի.- Զ.Խ.) վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնին»,- վճռի եզրափակիչ մասը կարդալուց հետո դատավոր Մանվել Շահվերդյանըհավելեց, որ առանց թույլտվության տիկին Գայանեն չի կարող լքել երկիրը, ապա հայտարարեց, որ նա անհապաղ ազատվում է կալանքից ու հենց դատարանի դահլիճից կգնա տուն: