Անորեքսիա կամ գիրություն, գերհոգնածություն, ուսման հետ կապված սթրեսներ. Դեռահասության շրջանի խնդիրները (Մաս 3-րդ)

Դեռահասի դաստիարակությունը բարդ խնդիր է, ուստի պետք է իմանալ, թե ինչ խնդիրների կարող եք հանդիպել ձեր երեխաների՝ դեռահասության տարիքին հասնելու շրջանում:

Դեռահասությունը փոփոխությունների տարիք է։ Դեռահասները խոցելի են, նրանք կարող են վատ սովորություններ ձեռք բերել, որոնք հասուն տարիքում կարող են վերածվել լուրջ խնդիրների: Շատ հաճախ դեռահասները վարքի հետ կապված խնդիրներ են ունենում, և ծնողները ոչինչ չեն կարողանում անել դրա դեմ:

168.am-ը պարբերաբար կներկայացնի՝ ինչ խնդիրների կարող են բախվել դեռահասները, և ինչ պետք է անեն ծնողներն այդ պարագայում:

Ինչպե՞ս հաղթահարել դեռահասության խնդիրները

Դեռահասությունը հեշտ շրջան չէ և՛ երեխաների, և՛ նրանց ծնողների համար։ Պատանեկության մարտահրավերներին դիմակայելու միակ միջոցը դրանց մասին ամեն ինչ իմանալն ու դրանց պատրաստ լինելն է:

Եվ այսպես՝ որո՞նք են դեռահասների ամենատարածված խնդիրները (շարունակություն)

5. Ուսումնառության հետ կապված բարդություններ

Դեռահասությունն այն շրջանն է, երբ երեխաներն ավարտում են դպրոցը և պատրաստվում ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նրանց զբաղվածությունն այդ ընթացքում առավելապես կապ ունի ուսումնառության գործընթացի հետ:

  • Դպրոցում լավ սովորելու և բուհ ընդունվելու հետ կապված դեռահասի վրա գործադրվող ճնշումը կարող է վերջինիս սթրեսի ենթարկել:
  • Դասեր սովորելու, կրկնուսույցների հետ պարապելու և տնային աշխատանք կատարելու անհրաժեշտությունը հաճախ հանգեցնում է գերհոգնածության:
  • Երեխային ուսման գործընթացից շեղող զբաղմունքներն ուղի են դեպի վատ առաջադիմություն և լրացուցիչ ճնշում դեռահասի վրա:

Խորհուրդներ

  • Խրախուսեք ձեր երեխաներին սովորել: Աջակցեք նրանց սովորելու ձգտմանը: Նրանց դա պետք է կյանքում հաջողակ լինելու համար:
  • Դեռահասի համար արժե կրճատել նրա վրա դրված տնային պարտականությունները, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ուսման վրա։
  • Առողջ սնվելը և ֆիզիկական վարժությունները կարող են օգնել դեռահասին ձեռք բերել ուժ և տոկունություն: Երեխային դա պետք է այս դժվարին ժամանակաշրջանում դժվարությունները հաղթահարելու համար:
  • Եթե ​​զգում եք, որ ձեր երեխան ծանրաբեռնված է տարատեսակ պարապմունքներով, կրճատեք դրանց քանակը: Դեռահասը չունի նույն դիմացկունությունը, ինչ չափահասը, և նա ավելի արագ է հոգնում:

 6. Առողջության հետ կապված խնդիրներ

Դեռահասները հեշտությամբ են տրվում վատ ազդեցությունների: Ամբողջ աշխարհում դեռահասների ծնողների ամենամեծ խնդիրը ծխելն է, ալկոհոլը և թմրանյութերի օգտագործումը:

Դեռահասները հաճախ խոցելի են՝ էմոցիոնալ առումով և ֆիզիկապես: Առանց պատշաճ սնվելու և սեփական առողջության հանդեպ հոգ տանելու՝ նրանք հակված են տարբեր հիվանդությունների։

  • Դեռահասները հաճախ խիտ զբաղված գրաֆիկ են ունենում: Դասերի միջև ընկած ժամանակահատվածում նրանք չեն հասցնում հանգստանալ և ճիշտ սնվել, և այդ պատճառով նրանք բավարար քանակությամբ սննդանյութեր չեն ստանում:
  • Սեփական մարմնի մասին մտքերը դեռահասներին, հատկապես՝ աղջիկներին, կարող են հանգեցնել սնվելու վարքագծի խաթարումների: Աղջիկներն անհանգստանում են իրենց արտաքին տեսքի և քաշի համար, ինչը կարող է անորեքսիայի կամ բուլեմիայի պատճառ դառնալ:
  • Սթրեսը դեռահասների մոտ ախորժակի կորստի կամ անքնության ճանապարհ է:
  • Առողջ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության բացակայությունը հաճախ հանգեցնում է գիրության կամ ճարպակալման: Դա տեղի է ունենում, օրինակ, երբ երեխան օգտագործում է բարձր կալորիականությամբ սնունդ, արագ սնունդ և գազավորված ըմպելիքներ։

Խորհուրդներ

Ծնողները կարող են օգնել դեռահասներին հաղթահարել առողջական խնդիրները և զարգացնել առողջ ապրելակերպի հմտություններ: Օրինակ ծառայեք ձեր երեխային, խրախուսեք նրան առողջ սնվել, մարզվել և բավականաչափ ժամանակ հատկացնել քնին:

  • Համոզվեք, որ ձեր դեռահասը ստանում է սննդանյութերի ճիշտ քանակություն: Հոգ տարեք ձեր երեխայի հավասարակշռված սննդակարգի մասին:
  • Տվեք ձեր դեռահասին զգացմունքային և ֆիզիկական աջակցություն: Սա կօգնի նրան հաղթահարել տարբեր դժվարություններ:

Շարունակելի:

childdevelop.info կայքից թարգմանեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս