Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ․ Պրիգոժինը դադարեցնում է վագներականների ընթացքը դեպի Մոսկվա
ՌԴ-ում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինը, որը կեսգիշերից զինված հեղաշրջում էր նախաձեռնել ՌԴ ԶՈՒ ղեկավարության՝ մասնավորապես Սերգեյ Շոյգուի և Վալերի Գերասիմովի դեմ, կարծես կասեցնում է վագներականների արշավը դեպի Մոսկվա։ Քիչ առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ։ Ըստ Բելառուսի նախագահականի հաղորդագրության, բանակցությունները շարունակվել են ողջ օրվա ընթացքում, արդյունքում նրանք համաձայնության են եկել Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդ սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ։
Ըստ մամուլի ծառայության՝ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարասյունի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար։ «Այս պահին սեղանին դրված է իրավիճակի հանգուցալուծման միանգամայն շահավետ և ընդունելի տարբերակ՝ մարտիկների անվտանգության երաշխիքներով»,- ընդգծվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Սրան հաջորդեց նաև թելեգրամյան ալիքներով տարածվող Պրիգոժինի հայտարարությունը, որով վերջինս հաղորդեց, որ «Վագների» զինվորականները դադարեցնում են իրենց շարասյուների ընթացքը և վերադառնում են դաշտային ճամբարներ։ «Հիմա եկել է այն պահը, երբ կարող է արյուն թափվել, հետևաբար, գիտակցելով ողջ պատասխանատվությունն այն բանի, որ ռուսական արյուն կարող է թափվել կողմերից մեկի կողմից, մենք վերադառնում ենք»,-ասված է Պրիգոժինի հաղորդագրությունում։