Հակարիի կամրջի միջադեպը սահմանազատման բացակայության հետևանք էր․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում անդրադարձավ օրերս Հակարիի կամրջի վրա ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Սա տեղի էր ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։
Սրան հաջորդեց այն, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվեց ՀՀ ԱԳ նախարարություն։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն էր ներկայացվել, կոչ էր արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարության ներկայացուցիչները նաև նշել էին, որ սպասում են Մոսկվայի արձագանքին այս միջադեպի կապակցությամբ։
Այսօր անդրադառնալով տեղի ունեցածին՝ Զախարովան ասաց, որ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը Հակարիի կամրջի վրա, Լաչինի միջանցքում՝ հայկական կողմից, պայմանավորված է ընդհանուր խնդրով՝ հայ-ադրբեջանական սահմանազատման բացակայությամբ։
«Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել արդյունավետ, հիմնավոր կերպով աշխատել այս ուղղությամբ երկկողմ հանձնաժողովի միջոցով ՌԴ խորհրդատվական աջակցությամբ։ Մենք պատրաստ ենք աջակցել սահմանային գծի հստակեցմանը նաև այդ հատվածում, որը հերթական կռվախնձորը դարձավ կողմերի միջև։
Ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները բացարձակապես անտեղի ու անհիմն են, և մենք խորհուրդ ենք տալիս իջեցնել հռետորաբանության մակարդակը լրատվամիջոցներում։ Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ իրավիճակի կարգավորման համար, նրանք հստակորեն իրագործում են իրավիճակը կայունացնելու, հրադադարը պահպանելու իրենց խնդիրն իրենց պատասխանատվության գոտում»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։