Փաշինյանը կա՛մ փախչելու է երկրից, կա՛մ հրահրելու է նոր Մարտի 1. Սուրեն Սուրենյանց

Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցեց հերթական բեմականացված շոուին, որպեսզի իր իշխանության կրած պարտության համար հերթական անգամ մեղավորներ կարգի։ Նա երեկ 44-օրյա պատերազմի պարտության մեղավորներ կարգեց բոլոր նախկին առաջնորդներին, Զինված ուժերի Գլխավոր շտաբին, արտաքին խաղացողներին, բայց ոչ իրեն, ուստի սպասել, թե ուսապարկերից ամենափորձառուն համարվող Անդրանիկ Քոչարյանն իր տիրոջ սխալները պետք է ի ցույց դնի, դա կլինի միամտություն. պարզից էլ պարզ է՝ այս իշխանության համար սեփական սխալների ընդունումը կլինի քաղաքական ինքնասպանություն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով երեկ ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի բաց նիստում Նիկոլ Փաշինյանի զեկույցի մասին, նման տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ 

«Եթե Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանի հետ տասն անգամ էլ նման հանձնաժողով ստեղծի, կամ հարյուր անգամ վերընտրվի, միևնույն է, պատմության շատ խիստ դատաստանից խուսափել չի կարող։ Փաշինյանը կա՛մ փախչելու է երկրից, կա՛մ երկրում քաղաքացիական անկարգություններ է հրահրելու, կա՛մ կանգնելու է արդարադատության առաջ։ Ակնհայտ է, որ Փաշինյանն իշխանությունն ավելի շատ է սիրում, քան նախկին ղեկավարներից որևէ մեկը. չէ՞ որ նա մի մարդ է, որը գրոհեց Եռաբլուր, ինչը չի արել նախորդ որևէ իշխանություն»,- ասաց Սուրենյանցը՝ ընդգծելով՝ որքան էլ Փաշինյանը փորձի գնալ պատերազմում պարտվելու իր մեղքը նախորդ բոլոր ղեկավարների վրա բարդելու ճանապարհով, միևնույն է, հասարակության մոտ նրա այդ քաղաքականությունն այլևս որևէ ազդեցություն չի թողնում. մեր հասարակությունը դուրս է գալիս ապատիկ վիճակից։ 

Ըստ Սուրենյանցի՝ պատմության մեջ հասարակություններն ունենում են վերելքների և անկման ժամանակաշրջաններ, ինչը, սակայն, անցողիկ է, ուստի հայ ժողովուրդը երկար ժամանակ այս վիճակը չի հանդուրժելու, առավելապես, որ խոսքն այլևս ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և Հայաստանի ներքին կյանքի մասին է. ներքին կյանքի, որտեղ գործում է ներքին խուժանը։

Կարդացեք նաև

«Սա երկար հանդուրժել հնարավոր չէ, հատկապես, որ Փաշինյանի ֆենոմենը շատ ավելի պրիմիտիվ է, քան մեզ թվում է. Փաշինյանը Ձախորդ Փանոսի և Քաջ Նազարի սիմբիոզն է»,- ասաց Սուրենյանցը՝ ընդգծելով՝ այս սիմբիոզը, Հայաստանի հակառակորդներից բացի, ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև Հայաստանում երբեք նման կամազուրկ ղեկավար չի եղել, և Արևմուտքին, որովհետև Փաշինյանն իրագործում է ռուսներին Հարավային Կովկասից հեռացնելու նրանց պլանը։

«Փաշինյանը 3 ճակատագրական սխալ է արել և փուռն է տվել Արցախը՝ հույսով, որ կպահպանի Հայաստանը՝ 29.800 քառակուսի կիլոմետրով, և նման հույս ունի այն դեպքում, երբ Ադրբեջանի Սահմանադրությունը թույլ չի տալիս ճանաչել Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրը. ըստ Ադրբեջանի Սահմանադրության՝ Ադրբեջան է Սյունիքը, Գեղարքունիքի մի մասը, Եղեգնաձորի մի մասը և Վեդին՝ Արցախից բացի»։ 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս