Դետալները, որոնք Ադրբեջանի կողմից երբեմն հայցվում են՝ մեզ համար որոշակի մտահոգություններ են պարունակում. Վահան Կոստանյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը ցանկանում արագացված կարգով հյուպատոսություն բացել Սյունիքում:

«Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են, մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում ավելի լավ ծանոթանալու իրավիճակին։

Թե ինչ նպատակներով է ՌԴ-ն որոշել հենց Կապանում բացել հյուպատոսություն, ավելի ճիշտ կլինի ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից ճշտեք»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած առաջարկներին, Վահան Կոստանյանն ասաց, որ սկզբունքային հարցերի շուրջ երկու կողմերն ունեն անհամաձայնություններ, դրանց մասին բարձրաձայնվել է։

Կարդացեք նաև

«Քարտեզի ֆիքսման վերաբերյալ, թե որ քարտեզների հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորման գործընթացի վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հետ կապված, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասով, ցավոք, այս ամենի մասով դեռ չկա համաձայնություն։ Երկու կողմերի տեսակետները միմյանցից բավականին հեռու են, բայց աշխատանքները շարունակվում են»,- հավելեց Վ. Կոստանյանը։

Խոսելով Ալիևի և Էրդողանի հայտարարության մասին՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, Վահան Կոստանյանը նշեց, որ օրակարգում կա տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրասնպորտային ուղիների ապաշրջափակման հարց՝ ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում։

«Այն դետալները, որոնք իրենց կողմից երբեմն հայցվում են, դրանք մեզ համար որոշակի մտահոգություններ են պարունակում, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս