Կարեն Անդրեասյան-արդարադատության նախարարի ժ/պ զույգը միջնորդել է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ նիստը դռնփակ քննել
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցելու հարցը։
ՀՀ արդարադատության նախարարությունն է միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։ Միջնորդությունը ներկայացրել է նախարարի ժ/պ լևոն Բալյանը, ով ներկա էր նիստին։
Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է հարցազրույցի համար։ Խոսքը գնում է, մասնավորապես, ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։
Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով ըստ էության փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չէին ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին։ Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը։
Կարգապահական վարույթի քննության սկզբում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ունեն երկու միջնորդություն։ Դրանցից մեկի վերաբերյալ Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն էր վարույթից ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել` նշելով որ Դավիթ Հարությունյանի հետ ունի մտերիմ ընկերական, ընտանեկան հարաբերություններ։
Վերադառնալով` Կարեն Անդրեասյանը հայտարարեց` Խորհուրդը որոշել է բավարարել Նաիրա Հովսեփյանի ինքնաբացարկի միջնորդությունը։
Հաջորդ միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը։ Միջնորդությունը վերաբերում էր նիստը դռնփակ անցկացնելուն։ Մինչ որոշման կայացումը բոլորին դահլիճից դուրս հրավիրեցին։
Դավիթ Հարությունյանն արդեն միջանցքում հայտարարեց` միջնորդությունը չի լսել, չի հասկացել` ինչ է կատարվել։
«Առանց կողմի դատական նիստ են սկսում, միջնորդություն են քննարկում. չհասկացա` ինչ եղավ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։ Դավիթ Հարությունյանին սատարելու էին եկել ինչպես տասնյակ գործընկեր դատավորներ, այնպես էլ փաստաբաններ։ Հավանաբար հենց այս սցենարից խուսափելու նպատակով էլ արդարադատության նախարարությունը նիստը դռնփակ անցկացնելու միջնորդություն է ներկայացրել։
Ի դեպ, որոշման հրապարակումը նույնպես կայացվել է դռնփակ: Այս պահին Դավիթ Հարությունյանի վերաբերյալ միջնորդությունը քննվում է դռնփակ ռեժիմով:
Մանրամասները՝ տեսանյությում: