Միրզոյանը չմեկնաբանեց Էրդողանի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում Իրանի դիրքորոշման մասին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարության մասին։

«Ես ցանկանում եմ Ձեր դիրքորոշումը լսել, թե ինչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհին հերթական անգամ տալով միջանցքային տրամաբանություն, խնդիր է համարել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դիրքորոշումը»,- հետաքրքրվեց իշխանական պատգամավորը։

Պատասխանելով հարցին, Արարատ Միրզոյանն ասաց, որ չի մեկնաբանելու Թուրքիայի նախագահի հայտարարության հատկապես այն հատվածը, որը վերաբերում է երրորդ երկրներին և նրանց հնարավոր ինտեգրացիային և չինտեգրացիային։

«Ուղղակի խոսեմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է  ևս մեկ անգամ վերահաստատելու, բարձրաձայնելու Հայաստանի դիրքորոշումը։ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, և ակնհայտ է, որ ապաշրջափակումը պետք է լինի մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, ինչպիսին է, օրինակ, որ այն,  երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որոնց տարածքով անցնում են։ Այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Պարբերաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ, նաև վերջերս վարչապետի գլխավորությամբ այս հարցերը քննարկվում են, և իմ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա, հատկապես պարոն Գրիգորյանի հանդիպումների համատեքստում»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Էրդողանը մասնավորապես ասել էր.

«Դա Հայաստանի հետ կապված հարց չէ։ Զանգեզուրի միջանցքն Իրանի հետ կապված հարց է։ Այսինքն՝ երկու երկիր, որոնց ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մուսուլման է։ Այստեղ թե՛ Ադրբեջանին, և թե՛ մեզ տխրեցնում է, որ Իրանն այդպիսի դիրքորոշում ունի։ Իրականում նրանց էլ պետք է տխրեցնի։ Բացի այդ, այստեղ յուրաքանչյուր վագոնի համար գանձվող վճարները և այլն, ցավոք, շատ-շատ բարձր են։ Հուսով եմ, որ այս դժվարությունն էլ ամենակարճ ժամկետում կհաղթահարենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս