Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումներից մանրամասներ է գաղտնազերծել. Էդգար Ղազարյան
«Ալեն Սիմոնյանը մի սահմանադրական մարմնի՝ ԱԺ-ի ղեկավար է, որտեղ խախտված են ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի պահանջները, և ընդդիմադիր պատգամավորները չունեն իրենց օրենքով սահմանված քվոտաներն ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների և հանձնաժողովի նախագահի տեղակալների պաշտոններում: ԱԺ խորհուրդը, որը ղեկավարում է Ալեն Սիմոնյանը, չունի ընդդիմադիր պատգամավորներ: Ալեն Սիմոնյանի ղեկավարած մարմնում օրենքներն ու որոշումներն ընդունվում են մեկ՝ իշխող խմբակցության պատգամավորների մասնակցությամբ՝ առանց լուրջ քննարկումների, առանց հանրային մասնակցության: Եթե սա է Ալեն Սիմոնյանի պատկերացումը ժողովրդավարության վերաբերյալ, ապա մեր պատկերացումները սկզբունքորեն տարբերվում են դրանից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության աստիճանի մակարդակով։
«Ալեն Սիմոնյանը երևի մոռացել է, որ հանրային ծառայող է, որովհետև ինքն այնքան հարստություն է կուտակել այս պաշտոնավարման շրջանում, որ իրեն թվում է՝ այդ հարստությունը երկնքից որպես մանանա է թափվել իր գլխին՝ իր մայրիկի թքի հետ միասին, երբ թափվում է քաղաքացիների գլխին, և իր թքի հետ միասին, երբ թափվում է քաղաքացիների գլխին, այդպես հարստությունը թափվում է իր գլխին, և այն հարստությունը, որին նա տեր է դարձել միայն ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո, դա հանրային միջոցների հետ կապ չունի: Ալեն Սիմոնյանի ցանկացած գործունեություն, այդ թվում՝ նրա 100.000 դոլարանոց մեքենան, նրա մի քանի միլիոն դրամանոց աշխատավարձը, դրանք բոլորը հանրային միջոցներից են: Իսկ թե ինքը ինչ պատասխանատվություն ունի՝ որպես հանրային գործիչ, մեր հասարակության առջև, առաջին դրվագը չէ, որ դրսևորվում է»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը:
Անդրադառնալով բանակցային գործընթացին, նա նշեց, որ դրանք տապալվել են. «Այդպիսի բանակցային գործընթաց չկա, որ հաջողություն ունենա. Վաշինգտոնի բանակցությունները նույնպես տապալվել էին, և դրա վերաբերյալ Պրահայում «Ազատության» լրագրողը Փաշինյանին հարց է տվել, թե ինչն է եղել տապալման պատճառը, նա էլ պատասխանել է, որ պատճառն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Շառլ Միշելը հայտարարել է, Փաշինյանն էլ է հայտարարել, իսկ Ալիևը հայտարարե՞լ է, որ ճանաչում է 29.800 քառակուսի կիլոմետրը: Ալիևը նման հայտարարություն չի արել և չի անելու, որովհետև կա մեկ այլ պաշտոնական հաղորդագրություն, որը տվել է Նիկոլ Փաշինյանը 2022թ. սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ՝ ասելով, որ Հայաստանի տարածքի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի հանդեպ Ադրբեջանի նկրտումները մենք կարող էինք դիտարկել՝ լոկ իբրև հայտարարություններ, եթե այդ մասին չխոսվի փակ դիվանագիտական հանդիպումների ժամանակ:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծել է Ալիևի հետ իր հանդիպումներից մանրամասներ, և ասել է, որ Ալիևի տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ անգամ փակ դիվանագիտական հանդիպումներում օրակարգային հարցեր են: Իսկ եթե Ալիևը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, նա երբեք չի կարող ճանաչել և չի ճանաչելու 29.800-ը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում