ԵՄ-ն Թունիսին 1 միլիարդ եվրո է առաջարկել միգրանտների շուրջ համաձայնագրի համար
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Նիդերլանդների կառավարության ղեկավար Մարկ Ռյուտեն հունիսի 11-ին հանդիպել են Թունիսի նախագահ Կայիս Սայիդի հետ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Եվրոպացի քաղաքական գործիչների` հյուսիսաֆրիկյան երկիր այցի նպատակը իշխանությունների հետ փախստականների ու միգրանտների Եվրոպա հոսքը կանխելու շուրջ պայմանավորվելն է եղել։
Հանուն գործարքի կնքման Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թունիսին խոստացել է «ուժեղացված գործընկերություն» և ավելի քան մեկ միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն։ Նշվում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ այս գումարից շուրջ 150 միլիոն եվրոն ԵՄ-ն կարող է հատկացնել միանգամից, իսկ մնացած շուրջ 900 միլիոնն ավելի ուշ տրամադրել որպես երկարաժամկետ աջակցություն: Եվրահանձնաժողովի ղեկավարը ձգտում է, որպեսզի համաձայնագիրն ստորագրվի մինչև ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովը, որը նշանակված է հունիսի վերջին։
Եվրամիությունը նման համաձայնագրեր արդեն կնքել է աֆրիկյան մի քանի այլ երկրների հետ։ Այսպիսով, ԵՄ-ն աջակցում է Լիբիայի առափնյա պահպանության ծառայությանը, որը պարբերաբար հայտնաբերում է փախստականներով լի նավակները և հետևում, որպեսզի մարդկանց ուղարկեն ժամանակավոր պահման ճամբարներ։ Փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու ակտիվիստները քննադատում են նման ճամբարներն անմարդկային պայմանների համար և զգուշացնում, որ ժամանածներին չարտաքսեն հետ՝ Թունիս: Իրավապաշտպանները, մասնավորապես, մատնանշում են նախագահ Սայիդի կառավարման ավտորիտար ոճը և նրա հռետորաբանությունը, որն ուղղված է աֆրիկյան այլ երկրներից ժամանողների դեմ: Հաղորդվել է նաև միգրանտներին հետապնդելու և նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների մասին: