Փաշինյանն իրավունք չունի խոսել Արցախի անունից. ինձ սփյուռքից 40-ից ավելի կազմակերպություններ են միացել, անվստահություն կհայտնենք Փաշինյանին. Անաստաս Իսրայելյան

Մայիսի 25-ից Արցախի Հանրապետությունում «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանը նստացույց էր հայտարարել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ի նշան բողոքի Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը»։

168.amհետ զրույցում Անաստաս Իսրայելյանն ասաց, որ 12 օր նստացույց անելուց հետո այն դադարեցրել է, քանի որ այս պահին պատրաստվում է իրականացնել այլ նախաձեռնություն։

Ավելին՝ նստացույցով կարողացել է շատերի ուշադրությունը գրավել Արցախի ու Արցախում տիրող իրավիճակի վրա։

«Երբ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում խոսեց Արցախի մասին, ես մտավախություններ ունեցա, որ նա դրանից հետո կստորագրի փաստաթուղթ, դրա համար ի նշան բողոքի՝ հայտարարեցի նստացույց։ Հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցած հանդիպումից հետո հասկացա, որ ժամանակը ձգձգվում է՝ փաստաթղթի ստորագրման առումով, նստացույցս դադարեցրեցի և այժմ իրականացնում եմ այլ նախաձեռնություն։

Կարդացեք նաև

Նստացույցի 12 օրերի ընթացքում մեծ կապեր եմ հաստատել սփյուռքի հետ, 40-ից ավելի կազմակերպություններ արձագանքել են տեղի ունեցողին։ Նստացույցի ժամանակ օնլայն միանում էի տարբեր երկրների հայկական համայնքի ղեկավարների հետ և նրանց բոլորին մանրամասն ներկայացնում Արցախում ստեղծված իրավիճակը, խնդրում, որպեսզի սփյուռքն աջակցի մեզ, որ ՀՀ կառավարությունում նստած այդ անձը չգնա Արցախի հանձնմանը և չստորագրի «խաղաղության պայմանագիր», որն Ադրբեջանին արցախահայությանը ցեղասպանելու մեծ հնարավորություններ է տալիս»,- նշեց Անաստաս Իսրայելյանը։

Ըստ նրա, նստացույցն ապացուցեց, որ նույնիսկ մեկ մարդը միայնակ կարող է իր գործողությունների արդյունքում ուշադրություն հրավիրել Արցախի վրա։ Արցախցիները, օրը 2-3 հարյուր մարդ մոտեցել է ու հարցրել, թե ինչ կարող են անել, որպեսզի իրավիճակից դուրս գան։

«Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը դեմ է, որպեսզի ՀՀ ղեկավարությունն արցախահայության անունից որևէ պայմանագիր ստորագրի, դեմ են նաև այդ պայմանագիրը ստորագրողին, Փաշինյանն առհասարակ իրավունք չունի խոսել Արցախի անունից։

Արցախը հազարամյակներ հայկական է և հայկական է մնացել հայության ուժերով, քանի որ այդ ամբողջ տարիների ընթացքում հայն անցել է դժվարին ճանապարհ, որպեսզի իր հողը պահպանի։ Մենք ունեցել ենք ազգային ղեկավարներ, որոնք իրենց որոշումներով Արցախը պահել են հայկական։

Շուտով Արցախում հասարակական կազմակերպություններից կազմված խումբն անվստահություն կհայտնի Փաշինյանին՝ ցույց տալով, որ վերջինս չի կարող Արցախի ճակատագիրը որոշել ու Արցախին թողնել Ադրբեջանի կազմում։ Մենք ցույց կտանք Նիկոլ Փաշինյանին, որ Արցախի հարցը լուծելու համար ոչ թե տարբերակներ չկան, այլ ինքն ունակ չէ ուղղակի այդ հարցը լուծել։ Չի կարողանում իր անպիտան, հակահայկական էությամբ հարց լուծել»,- շեշտեց Անաստաս Իսրայելյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ նստացույցի ընթացքում սփյուռքի 40 հասարակական կազմակերպությունների հետ միասին նամակ են հղել Արցախի ԱԺ-ին, որը ներառում է մեկ ամբողջական փաթեթ, թե ինչ քայլեր է պետք իրականացնել՝ իրավիճակից դուրս գալու համար։

«Ինքս հանդիպել եմ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ, այդ փաթեթը ներկայացրել եմ նրան, այժմ քննարկման մեջ է։ 3-4 օր առաջ նույն փաթեթը փոխանցվել է նաև Արցախի ԱԳ նախարարությանը, այժմ սպասում եմ, որպեսզի հանդիպեմ Արցախի նախագահի հետ, նրան նույնպես պետք է ներկայացվի։ Ես ուզում եմ նաև հետևյալ հարցը բարձրացնեմ, որ այսքան ժամանակ այս իրավիճակում ենք, սակայն շրջանառության մեջ որևէ իրավական փաստաթուղթ չունենք։

Ինքս 12 օր շարունակ նստացույց արեցի, սակայն պաշտոնատար անձանցից որևէ մեկն ինձ չի մոտեցել, որովհետև այնտեղ դրված էր Նիկոլ Փաշինյանի նկարը՝ վրան խաչ հանած։

Կարծում եմ՝ Արցախում կան ինչ-որ ուժեր, կազմակերպություններ, որոնք Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից ուղղորդվում են։ Սակայն դա մեզ համար ցուցանիշ չէ։ Եթե նա որոշի հակահայկական որոշում կայացնել, մենք հայտարարելու ենք, որ մեզ համար այդ ամենն առոչինչ է՝ նա այդ իրավունքը չունի»,- ընդգծեց Անաստաս Իսրայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս