Բաժիններ՝

Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա․ ՄԻՊ-ը՝ ադրբեջանական տեսանյութերի մասին

Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։

Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.

Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։

Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից:

Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։

Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։

Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։

Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս