Հացի, թարմ կաթի, պանրի գներն աճել են
2023թ. մայիսին՝ 2022թ. մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 2.1%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 5.2-3.5%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.8%-ով:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ հնդկացորենի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ՝ նվազել է 21.4%-ով, ոսպինը՝ 18.4%-ով, ալյուրինը՝ 10.4%-ով, ոլոռինը՝ 10,4%-ով, բրնձինը՝ 7.8%-ով, մակարոնեղենինը՝4.1%-ով, բլղուրինը՝ 3.6%-ով, լոբունը՝ 3.0%-ով, ձավարինը՝ 2.8%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար՝ 2.8%, 3.8%, 3.2%, 3.4%, 1.5%, 1.6%, 2.5%, 0.9% և 0.5%-ով:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ՝ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 0.2%, թարմ կաթի՝ 5.4%, պանրի՝ 7.8% գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար՝ 1.4%, 0.4%, 1.8% գնանկում:
Ձվի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ՝ աճել է 18.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ գրանցվել է 0.8% գնանկում:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ՝ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 36.5%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1%-ով:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ՝ հանրապետությունում գրանցվել է գառան մսի՝ 0.7%, խոզի մսի՝ 9.5% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.1% և 3.4% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ՝ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 1.6% գնաճ: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ՝ հանրապետությունում գրանցվել է ծխախոտային արտադրատեսակների՝ 8.6%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 2.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ՝ արձանագրվել է՝ 22.3%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 19.7% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ՝ գներն աճել են 2.4%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ գրանցվել է 4.6% գնանկում:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ 2022թ. մայիսին 500 գրամ «Մատնաքաշի» գինը Երևանի խոշոր սուպերմարկետներում եղել է 410 դրամ, այս տարի, ըստ մեր հարցումների, արժե 460 դրամ, «Հրազդան» հացի գինը (490 գրամ) 2022թ. մայիսին եղել է 306 դրամ, այս տարի գրամը նվազել է, գինը՝ բարձրացել, դառնալով 370 դրամ:
Կաթի գինը նույնպես նախորդ տարվա համեմատ բարձրացել է: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փոխանցմամբ՝ 2022թ. մայիսին, օրինակ, 1 լիտր «Անի» կաթի արժեքը կազմել է 600 դրամ, 2023թ.՝ 690, «Աշտարակ կաթ»-ի 1 լիտրը նախորդ տարի արժեցել է 488 դրամ, այժմ՝ 510 դրամ: «Մարիաննա» կաթը 950 մլ դեպքում եթե նախորդ տարի արժեր մոտ 480 դրամ, այժմ 490 դրամ է:
Պանիր «Ալաշկերտ»-ը 3310 դրամից դարձել է 4090 դրամ՝ 1 կգ-ի դեպքում, «Իգիթ» պանրի 1 կգ-ն այս տարի 3390 դրամ է, նախորդ տարի եղել է 2700-3000 դրամ:
Հավկիթի դեպքում 1 տուփի գինը, որը պարունակում է 10 հավկիթ, 2022թ.՝ մոտ 700 դրամ, այս տարի 820-910 դրամ է՝ խոշոր սուպերմարկետներում: