ԵՄ-ն մեզ 2,8 մլրդ չի տրամադրել, մեզ ասվել է, որ կարող է տրամադրվել. Ֆինանսների նախարար
Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ասաց, որ հանրությանը հետաքրքրում է 2,6 մլրդ եվրոն, որը ԵՄ-ն խոստացել էր, տվե՞ց Հայաստանին։
«Մենք պարբերաբար, իհարկե, հանդիպում ենք տարբեր նախարարների, գերատեսչությունների ղեկավարների, բայց 2,6 մլրդ-ի փնտրտուքներում մի փոքր մոլորվել ենք։ Կարող ենք արձանագրել, որ 500 մլն դոլարի չափով ԿԲ-ն ու Էկոնոմիկայի նախարարությունն ուղղելու են միջին ու փոքր բիզնեսի զարգացմանը։ Բայց օրինակ՝ կան մի շարք այլ ուղղություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը չի տրամադրվել ԱԺ-ին ու հանրությանը, կխնդրեի դրա մասով էլ խոսեք»,- նշեց իշխանական պատգամավորը։
2,6 մլրդ եվրոյի վերաբերյալ Սոնա Ղազարյանի բարձրացրած հարցին ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց.
«Նախ՝ այս արտահայտությունը, որ ասում եք՝ մեզ 2,6 կամ 2,8 մլրդ է տրամադրվել՝ նման բան գոյություն չունի։ Մեզ ասել են, այսինքն՝ մենք ունենք համաձայնություն, որ կարող է տրամադրվել 2,8 մլրդ եվրո, եթե լինեն համապատասխան ծրագրեր։ Նպատակ է դրվել ձևավորել այն ծրագրերի շրջանակը, որոնք պետք է ֆինանսավորվեն, 2,8 մլրդ-ի ծրագիր մեկ օրում կամ մի քանի ամսում, թեկուզ մեկ տարում հնարավոր չէ գծել»։
Սոնա Ղազարյանի հաջորդ հարցը վերաբերում էր Հյուսիս-Հարավի համար նախատեսված 900 միլիոնին: Նրա փոխանցմամբ՝ Կառավարության կատարողականի մեջ նշված էր 900 մլն արժողությամբ Հյուսիս-Հարավ ճանապարհը, բայց դա միայն գնահատականն էր, որ 900 մլն կարժենա։
«Հավելյալ տեղեկություններ ունե՞ք, թե ինչ փուլում է, հաստատվե՞լ է, թե՞ ոչ, միանգամի՞ց է փոխանցվելու»,- հարցրեց պատգամավորը։
Այս հարցի վերաբերյալ էլ Վահե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ վերջին ամիսների բանակցություններից հետո, այժմ հասել են մի հանգրվանի, որտեղ արդեն շատ շուտով պետք է հայտարարեն Հյուսիս-Հարավի 4-րդ տրանշի, այսինքն՝ Սիսիան-Քաջարան հատվածի մրցույթը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում